24/12/2022 12:55
Գործողությունը, որն արվում է Ադրբեջանի կողմից, ահաբեկչական քաղաքականություն է. խաղաղապահներին շատ հարցեր կան. Կարեն Բեքարյան
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը, որը դեկտեմբերի 8-ին Արցախ էր մեկնել, շրջափակման հետևանքով մնացել է Արցախում:
Արցախի Հանրային հեռուստաընկերության «Օր հարցազրույց»-ի տաղավարում նա ասել է, որ Ադրբեջանում ոչինչ չի փոխվել:
«Հերթական անգամ գործ ունենք մարդասիրական իրավունքի բավականին լուրջ խախտման հետ, որովհետև այս գործողությունը, որը հիմա արվում է Ադրբեջանի կողմից, եթե դրան գումարենք նաև, որ մի քանի օր գազամատակարարումն էր դադարեցվել՝ գործ ունենք ահաբեկչական քաղաքականության հետ»,- նշել է Բեքարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որով Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է լիներ անխոչընդոտ և որևէ արգելափակում չունենար։
Կարեն Բեքարյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերալ միջազգային կազմակերպությունների արձագանքով բավարարված չէ. «Իրականում, հայտարարությունը և գործողությունը, երբ կրում են տարբերություն, ստիպված ես լինում նայել, թե որն է ավելի ծանրակշիռ։ Նույն շրջափակման օրերին, երբ Ադրբեջանն Արցախի նկատմամբ կիրառում էր այս հանցագործությունը, Բուխարեստում տեղի ունեցավ կանաչ էներգիայի մասով փաստաթղթի ստորագրում՝ Ադրբեջան-Վրաստան-Հունգարիա-Ռումինիա Եվրոպական միության բարձր հովանու ներքո և Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցչի ներկայությամբ։ Եթե երկիրը, որը նույն այդ օրը կիրառում է հակամարդկային նման գործիքակազմ և այդ օրն ունենում է նման փաստաթղթի ստորագրում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հովանու ներքո և ներկայությամբ՝ հարց եմ տալիս՝ Ադրբեջանը հենվելու է սրա՞ վրա, որ իրեն ամեն ինչ ներվում է, թե՞ հենվելու է նրա վրա, որ Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորներ անում են հայտարարություններ։ Մենք այստեղ գործ ունենք բավականին լուրջ պրոբլեմի հետ՝ կապված աշխարհի արձագանքի հետ»։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշմանը՝ վերլուծաբանն ասել է, թե հերթական անգամ իրականությունն ու PR-ը սկսել են իրար խառնվել ու պատկերը շեղել։
«Հայաստանը բարձրաձայնում էր, որ ՄԻԵԴ-ը բավարարեց հայցադիմումը, Ադրբեջանն ասում էր՝ չբավարարեց, իսկ իրականությունն, ինչպես միշտ, արանքում է։ ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ չի տիրապետում իրավիճակին, արձանագրեց, որ մասնակիորեն լուծում է պահանջում ապաստան չունեցողների, ճանապարհին մնացածների, գոյության և բնականոն կյանքի համար միջոցներ չունեցողների, հիվանդների համար: Այսինքն՝ մասնավորեցված կատեգորիաներ։ Հիմա դրա լուծումն ինչպիսի՞ն պետք է լինի. պետք է լինի գործողությամբ, այսինքն՝ խաղաղապահ առաքելության հետ համաձայնեցված գործողությամբ»,- ասել է Կարեն Բեքարյանը:
Նա հայտարարել է, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտավորությունների առյուծի բաժինը կատարում են, որովհետև «եթե ռուս խաղաղապահ առաքելությունն իր հիմնական պարտավորությունները չկատարեր, մենք հիմա այստեղ նստած չէինք լինի»:
Այդուհանդերձ, ըստ Բեքարյանի, բավականին շատ հարցեր ունի հայկական կողմը խաղաղապահներին:
«Միջանցքի անվտանգությունը, միջանցքի չփակվելու հետ կապված բոլոր հարցերը ռուս խաղաղապահների անմիջական պարտավորությունների դաշտում են։ Ինչո՞վ է պայմանավորված, որ մինչև օրս մենք այս արդյունքը չենք գրանցում, խաղաղապահները չեն անում այն գործառույթը, որը նախատեսված է, և ճանապարհը չի գործարկվում. սրանք հարցեր են, որոնք պետք է պատշաճ կարգով դրվեն ռուսական կողմի առաջ, առաջին հերթին՝ դիվանագետների, պետության բարձրաստիճան իշխանությունների, Հայաստանի դեպքում՝ ներկայացուցիչների կողմից»,- նշել է Բեքարյանը: