24/12/2022 09:45
«Հրապարակ». Երեք բուհերի միավորման ձախողված փորձից հետո, իշխանությունն անցել է «ուժային» բուհերը միավորելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 2 ամիս առաջ վարչապետի հրամանով աշխատանքային խումբ ձևավորվեց՝ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որը մինչև նոյեմբերի 30-ը պետք է մշակեր և վարչապետին ներկայացներ բուհական համակարգի արդիականացման մասին տեղեկանք՝ նոր ձևավորվող բուհերի ցանկի և բովանդակության վերաբերյալ առաջարկություն: Այդ թվում՝ նաև հնարավոր միավորումների և նոր կրթական ծրագրերի ներդրման, ինչպեսև ակադեմիական քաղաքում բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն։
ԿԳՄՍ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ քննարկումները դեռ չեն ավարտվել։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ով 8 հոգանոց աշխատանքային խմբի անդամ է, մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկումները չեն ավարտվել՝ դեռ երկու անգամ լսում պետք է լինի։ Թե ինչ են քննարկում այդ լսումների ժամանակ, Սաղյանը նշեց․ «Ընդամենը լսում ենք․․․ ռազմական, ոստիկանական, մյուս բուհերի միացման մասին, տարբերակներ են առաջարկվում՝ այդ բուհերի միավորման համար, բայց դեռ որևէ բան չկա, ընդամենը առաջարկում են՝ լսում ենք, հետո, թե ինչ որոշում են կայացնելու, ես՝ որպես աշխատանքային խմբի անդամ, տեղյակ չեմ»։
Այսինքն՝ պարզվում է, որ մանկավարժական հենքի վրա Բրյուսովի, մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի միավորման ձախողված փորձից հետո իշխանությունն անցել է «ուժային» բուհերը միավորելու գործին՝ ռազմական, ոստիկանական ակադեմիաներ և այլն։ Հավանաբար, մեր երկրին պետք չեն ոչ միայն «ռազմականացված» դպրոցներ, այլ նաև՝ ռազմական բուհեր»։