25/12/2022 14:47
Եթե կարողանանք հաղթել ներքին թշնամիներին, ոչ մի արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ․ Արցախի թեմի առաջնորդ
Արցախի Հանրապետության մայրաքաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է։
Համաժողովրդական հանրահավաքին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիկոպոս Աբրահամյանը շեշտեց՝ ինքներս մեզ ու աշխարհին ցույց ենք տալիս, որ միասնական ենք ու վճռական։
«Սրանով հանդերձ, մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները։ «Ես»-ը, նյութապաշտությունը, անձնական շահը և անտարբերությունը դիմացինի ու ազգի հանդեպ ու փչացնում են մեր նկարագիրը, մոռացվում են Աստված և եկեղեցի։
Այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը։ Եթե կարողանանք հաղթել վերը նշված ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։
Վրթանես եպիկոպոս Աբրահամյանը կոչ ուղղեց քրիստոնյա աշխարհին՝ վեր կանգնել քաղաքական շարժառիթներից, չանտեսել Արցախում ապրողների մարդկային տարրական իրավունքների պահպանության խնդիրը։