25/12/2022 15:33
Արցախը կա, լինելու է, արցախցին պայքարելու է իր հայրենիքում ապրելու համար
Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ընդգծեց՝ Ադրբեջանը հոկտեմբերի 30-ին կրկին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ ասում էր, թե մասնակիցները Հայաստանից են բերվել Արցախ։
Այժմ, երբ շրջափակված Արցախի բազմահազար բնակիչները կրկին իրենց ձայնն են բարձրացնում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի՞նչ է ասելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հարց հնչեցրեց Արմեն Ասրյանը։
«Հոկտեմբերի 30-ին ասում էիք՝ Հայաստանից են մարդիկ եկել։ Հիմա՞ որտեղից են եկել։ Տեսեք, որ Արցախը կա, լինելու է, արցախցին պայքարելու է իր հայրենիքում ապրելու համար։ Դա ձեր ականջներին օղ արեք»,- ընդգծեց նա։
Արմեն Ասրյանը նշեց նաև՝ 14 օր է տոտալ շրջափակման պայմաններում գտնվող Արցախի բնակիչները խնդիրներին դիմակայում են պատվով։ Գիտակցելով՝ որն է Ադրբեջանի իրական նպատակադրումը, միևնույն է՝ հաստակակամ են։
«Մենք շատ լավ գիտենք՝ «էկոակտիվիստ» կոչվածների անվան տակ Ադրբեջանը ցանկանում է կոտրել մեր համառությունը, ծնկի բերել մեզ, որ հասնի իր նպատակներին, հայաթափի Արցախը։ Դիմում եմ այդ էկոակտիվիստ կոչվածներին՝ գնացեք, ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք։ Գնացեք՝ ձեր Բաքվի, Սումգայիթի գարշահոտ օդի մաքրության համար պայքարեք։
Ուզում եք ասել՝ կարո՞ղ եք դա անել։ Չե՛ք կարող, դուք չունեք ձայնի այդ ազատությունը, ձեր տոտալիտար երկրում դուք ձայնազուրկ եք»,- ասաց Արմեն Ասրյանը։
Նա անթույլատրելի համարեց նաև Հայաստանն ու Արցախն իրար կապող միակ ճանապարհը կեղծ բնապահպանական պատրվակով փակած Ադրբեջանի պահանջներին տուրք տալը։
«Եթե զիջենք, թույլ տանք նրանց «էկոլոգ» կոչվածների անարգել մուտքը մեր տարածքներ, հետագայում Ադրբեջանն առաջ կքաշի այլ պահանջներ, ճանապարհը կրկին փակելը նրանց համար մեծ դժվարություն չի ներկայացնի։ Հետևաբար, նրանց մուտքը չեն թույլտարելու»,- հայտարարեց Արմեն Ասրյանը։