26/12/2022 20:35
Ովքե՞ր են ավելի զգայուն ցավի նկատմամբ՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ինչպե՞ս է դա անդրադառնում նրանց կյանքի որակի վրա
Տղամարդը մարտիկ է՝ պատրաստ մարտի դաշտում վիրավորվելու, բայց կռվելու մինչև վերջին կաթիլ արյունը։ Կինը մայր է՝ ունակ դիմանալու ծննդաբերության դաժան ցավերին և լույս աշխարհ բերելու երեխաներ։ Այս երկու տեսակետով առաջնորդվելով էլ՝ մարդիկ փորձում են հասկանալ՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք են, այուամենայնից, ավելի դիմակայուն՝ ցավի նկատմամբ։
Նրանք, որոնք պնդում են, որ կանայք ավելի դիմակայուն են ցավի նկատմամբ, սովորաբար որպես հիմք են ընդունում ծննդաբերական ցավերը՝ պնդելով, որ տղամարդիկ դրանք ի զորու չեն տանել։ Հակառակ տեսակետի կողմնակիցները պնդում են՝ տղամարդիկ, հատկապես երիտասարդները, հաճախ են կռվի մեջ ընկնում, զբաղվում են բոքսով, ուշադրություն չդարձնելով ցավին՝ շարունակում են միմյանց ուժգին հարվածներ հասցնել, և նրանց համար կապտուկները, քթի կոտրվածքը «սովորական բաներ» են։
Իսկ մասնագետները՝ մարդաբաններն ու բժիշկները, գիտնականները, այս երկու տեսակետների կրողներին ուղղում են՝ նշելով՝ կանանց ու տղամարդկանց զգայնությունը ցավի նկատմամբ բոլորովին էլ այս օրինակներով չի որոշվում, այլ նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ու հոգեբանական վիճակով։
Ի՞նչ առանձնահատկություններ ունեն կանայք
Հղիության երրորդ եռամսյակում կնոջ օրգանիզմը պատրաստվում է ծննդաբերությանը։ Օփիոիդային ընկալիչների զգայնությունը բարձրանում է, դա մեղմում է ցավի ուժգնությունը, նվազեցնում դրա զգացողության աստիճանը։ Փոխվում է նաև հորմոնալ ֆոնը, արդյունքում կինը ցավի նկատմամբ սովորականից ավելի դիմակայուն է դառնում։ Այս վիճակը որոշ չափով պահպանվում է նաև կյանքի ընթացքում, այդ պատճառով էլ ծննդաբերած կանայք միջինում ցավին ավելի լավ են դիմանում, քան չծննդաբերածները։
Ի՞նչ առանձնահատկություններ ունեն տղամարդիկ
Երիտասարդ տղամարդկանց արյան մեջ մեծ քանակությամբ տեստոստերոն կա, ինչի արդյունքում ոչ միայն ագրեսիվության աստիճանն է բարձր լինում, այլև ցավի նկատմամբ դիմացկունությունը, ցավի շեմը։ 30 տարեկանից հետո տեստոստերոնի մակարդակն աստիճանաբար սկսում է նվազել, և տղամարդիկ ավելի հանգիստ են դառնում, բայց նաև՝ ավելի զգայուն՝ ցավի նկատմամբ։
Կռիվը կամ պայքարը ռինգում սթրես է տղամարդկանց համար, իսկ սթրեսի ժամանակ արյան մեջ մեծ քանակությամբ ադրենալին է ներմուծվում, ինչն էլ ժամանակավորապես «արգելափակում է» օրգանիզմի զգայնությունը ցավի նկատմամբ։ Հորմոնալ այս գործոնների շնորհիվ է, որ տղամարդիկ շարունակում են կռվել ու հարվածել միմյանց՝ չնայած ստացած տրավմաներին։
Եվ այնուամենայնիվ, ովքե՞ր են արդյունքում ավելի զգայուն ցավի նկատմամբ՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Գիտնականները պնդում են, որ կանայք միջինում ավելի զգայուն են ցավի նկատմամբ, ինչը պայմանավորված է հորմոնալ տարբերություններով և ցավի ժամանակ գլխուղեղի առանձին հատվածների «արձագանքով»։
Տղամարդկանց մոտ ակտիվանում են գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ինֆորմացիայի կոգնիտիվ վերամշակման համար, կանանց մոտ ակտիվանում են այն գոտիները, որոնք կապ ունեն զգացմունքայնության, էմոցիաների հետ։ Արդյունքում տղամարդիկ ցավը դիտարկում են «տրամաբանության», կանայք՝ էմոցիոնալ տեսանկյունից, այդ պատճառով էլ, նույնիսկ մի կողմ դնելով հորմոնների ազդեցութ՝յունը, կանայք ցավին ավելի դժվար են դիմանում։
Տղամարդկանց մոտ, կախված տարիքից, ցավի շեմն աստիճանաբար իջնում է, քանի որ նվազում է նաև տեստոստերոնի մակարդակը, իսկ կանանց մոտ, էստրոգենի մակարդակի տատանումների պատճառով, տատանվում է նաև ցավի նկատմամբ զգայնությունը՝ կախված դաշտանային ցիկլի փուլերից։
Երբ սկսվում է կլիմաքսը, էստրոգենների մակարդակը կտրուկ նվազում է, նվազում է նաև ցավի նկատմամբ զգայնությունը, և կանանց մոտ գլուխ են բարձրացնում այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում էլ կային, սակայն իրենց զգացնել չէին տալիս։
Հասուն տարիքում ցավի նկատմամբ ավելի զգայուն են դառնում ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, բայց դա արդեն պայմանավորված է ոչ թե հորմոնալ գործոններով կամ հոգեբանական վիճակով, այլ նյարդային հյուսվածքի դեգեներացիայով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։