26/12/2022 19:10
«Հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»․ Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։
«Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվեցին իմ՝ որպես դատավորի լիազորությունները:
Հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով ինձ դատավոր նշանակելու համար, ՀՀ արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, Հայրենիքիս ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ինձ ընձեռելու համար:
Շնորհակալ եմ ինձ որպես օգնական՝ 2008 թվականին դատական իշխանություն ընդունած դատավոր Արթուր Սմբատյանին՝ խղճի մաքրություն ու արդարամտություն սովորեցնելու ու փոխանցելու համար:
Շնորհակալ եմ փաստաբանական համայնքին՝ տևական ու արդյունավետ համատեղ աշխատանքի համար։
Շնորհակալ եմ աշխատակազմիս՝ անմնացորդ նվիրումով ծանր բեռս թեթևացնելու համար:
Պաշտոնավարող ու ինձ փոխարինող դատավորներին մաղթում եմ մնալ ամուր, արժանապատիվ ու բարձր կոչմանը հավատարիմ:
Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, անդամներ Հայկ Գրիգորյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին, Նաիրա Հովսեփյանին, Մեսրոպ Մակյանին՝ թեկուզ ծայրահեղ անարդար ձևով, ինձ ընտանիքիս ու երեխաներիս վերադարձնելու համար:
Շնորհակալ եմ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանին ու Դավիթ Խաչատուրյանին՝ իրենց քվեարկության համար:
Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Փիլոսյանը: