26/12/2022 16:26
Վահագն Խաչատուրյանը ողջունելի է համարել գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարության ջանքերը, Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը դրական է գնահատել անցնող տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարության ճկուն և հավասարակշռված քաղաքականությունը և նշել, որ բավական բարդ և անկանխատեսելի տնտեսական իրողությունների պայմաններում նախարարության ձեռնարկած միջոցառումները հնարավորինս կառավարելի են դարձրել տնտեսական ռիսկային երևույթները:
Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ողջունելի են Էկոնոմիկայի նախարարության ջանքերը ներդրողների համար բարենպաստ և գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ:
Նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ներկայացրել կապիտալ ներդրումների և տնտեսական ակտիվության ընդհանուր իրավիճակի մի շարք մանրամասներ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ լոգիստիկ խնդիրների հաղթահարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մասնավորապես Լարսի անցակետի թողունակության բարձրացման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև եկող տարում Հայաստանի տնտեսության հնարավոր մարտահրավերների և դրանց լուծման ուղղիների վերաբերյալ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: