26/12/2022 14:12
Արցախցիները ծնկի իջնող չեն. մենք վաղուց ծանոթ ենք թշնամու ձեռագրին և չենք պատրաստվում կուլ գնալ սադրանքներին
Արցախը Հայստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհի փակմամբ պայմանավորված Արցախում տրամադրությունների, խնդիրների ու իրավիճակից ելքերի մասին Aysor.am-ը զրուցել է իրավաբան, գրող Նանար Պողոսյանի հետ։
- Արցախը մոտ երկու շաբաթ է շրջափակված է, կա կարծիք, թե սա Ադրբեջանի՝ Արցախը հայաթափելու քաղաքականության դրսևորումներից է. ի՞նչ մթնոլորտ է Արցախում, ինչպե՞ս է պատրաստվում արցախցին հակադրվել թշնամու քաղաքականությանը։
- Ադրբեջանցիների կեղծ բնապահպանական պատճառաբանություններով Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակումն ու արցախահայությանը հումանիտար աղետի առջև կանգնեցնելը միանշանակ մեկ նպատակ է հետապնդում՝ հայաթափել Արցախը: Սակայն ինչպես տեսնում ենք արցախցիները ծնկի իջնող չեն, մենք վաղուց ծանոթ ենք թշնամու ձեռագրին և չենք պատրաստվում կուլ գնալ հերթական սադրանքներին: Մթնոլորտն Արցախում մարտական է, բազմաչարչար արցախցին գիտի, որ թուլանալու և ընկրկելու իրավունք չունի, որքան էլ որ հայրեինքը բզկտված ու խոցված է: Ինչ վերաբերում է Արցախը հայաթափելուն, ո՞վ է տեսել, որ զավակը արնաքամ մորը թողնի ու հեռանա. մնալ, խնամել, առողջացնել է պետք:
- Արցախում շատերը որպես հիմնական անհանգստացնող փաստ նշում են ապագայի հանդեպ անորոշությունը, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան, անորոշությունը հաղթահարելու ուղիները որո՞նք են։
- Կարծում եմ, եթե ինչ-որ բան արցախցու սրտով չի ավարտվել, ուրեմն դեռ չի ավարտվել և ինչպես բոլոր հեքիաթներում է բարին հաղթում, այս չար հեքիաթում ևս բարին կհաղթի, որքան էլ անիրականանալի թվա, բայց Արցախի ապագան միանշանակ Արցախի ճանաչումը պիտի լինի. մեր հողն արյամբ է ազատագրվել, այդ արյունը հրմայող է, չլերդացող է, ուստի եթե յուրաքանչյուրն իր գործը համարի առաքելություն, ապա անպայման կհասնենք գերագույն նպատակին: Այո, դժվարին ժամանակաշրջան է վերապրում Արցախը և յուրաքանչյուրիցս պահանջվում է ուժերի գերլարում մեզ վստահված ոլորտում առաջընթաց ապահովելու համար, ինչը հնարավոր է միայն աշխատասիրության, նվիրվածության, միասնականության և լիարժեք արդարության մթնոլորտի ձևավորման պարագայում:
- Դուք զրույցներում միշտ ընդգծում եք, որ անկախության սերնդի ներկայացուցիչ եք. արդյո՞ք անկախության սերունդը համաչափ է արձագանքում հայրենքին սպառնացող մարտահրավերներին։
- Այո, ու ես դա հպարտությամբ եմ շեշտում, իմ հայրն ինձ ազատ ու անկախ Արցախ է կտակել, ես չեմ պատրաստվում ինձ ժառանգություն թողած Արցախը սկուտեղի վրա թուրքին մատուցել:
Մանկուց հաճախ էի նայում ինձ հիշողություն մնացած հորս ու ազգային հերոսի՝ Ավոյի լուսանկարները. ձախ կողմում հայրս է, աջում՝ Ավոն, հպարտանում էի ու մտածում, որ եթե նրանք ողջ լինեին, ապա ամեն ինչ այլ կլիներ, բայց ես չեմ ընկճվում, բաց ճակատով, պահանջատիրությամբ, պատասխանատվությամբ եմ մոտենում Արցախին վերաբերող ցանկացած հարցի, իսկ 44-օրյա պատերազմում անկախության սերունդը՝ իմ հասակակիցները, ամենաթանկով հատուցեցին՝ կյանքով:
Հրաշքով փրկվածներս էլ յուրաքանչյուրն իր խրամատում է պայքարում, ազգի ոսկե սերնդի նպատակն անկատար չենք թողնի. Արցախը հող չէ, Արցախը՝ հայրենիք է, որ հասցրել է անգամ անկախության սերնդի արյամբ հունցվել:
- Գիտեմ, որ Դուք 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում Արցախում եք մնացել, երկու տարի անց դասեր քաղե՞լ ենք պատերազմից։
- Հայրենիքի համար մղվող պայքարում ըստ իս սեռը դեր չունի, չպիտի ունենա: Այո, իրականում 44-օրյա պատերազմը մեծ դաս եղավ հայ ժողովրդի կյանքում, ամենակարևորը պետք է լինի միասնության դասը. միաբանվել է պետք, հայրենիքում մնալ-շենացնել է պետք, այլընտրանք չկա, ներում՝ բացարձակապես: Հավատում եմ, որ իմ ժողովուրդն արժանի զավակի պես կշենացնի, կմիաբանի բեկորների վերածված հայրենիքը:
- Տարիներ առաջ Արցախի դրոշը բարձրացրել եք Արարատի գագաթ, ի՞նչ զգացումներ ունեիք, ո՞ր գագաթն եք հաջորդը նվաճելու։
- Միաժամանակ հպարտության, կարոտի, ցավի զգացումներ էին, իսկ ճանապարհը որքան դժվար անցանելի էր դառնում, այնքան ավելի էի մոտենում հաղթանակի գագաթին։ Դեռ դպրոցական տարիքից ինձ խոստացել էի անհաս գագաթ բարձրանալ՝ ապացուցելով, որ անհնար, անհասանելի ոչինչ չկա, կարևորը կամքն է, հաստատակամությունը։ «Չեմ կարող»-ը թույլերի պատճառաբանությունն է, իսկ «կողը հաստ» արցախցին «չեմ կարող» չի ճանաչում:
Հիմա իմ նպատակը մեկն է՝ նորից բարձրանալ Դիզափայտ ու Քիրս, իսկ երեկոյան՝ Շուշիի «Գաստրոբակ»՝ ժենգյալով հացով մի բաժակ գինի կամ տաք թեյ խմելու՝ թրթերուկով: Հավատում եմ, որ մեկ անգամ ազատագրված Արցախը երկրորդ անգամ էլ կազատագրենք ու ընդմիշտ: