26/12/2022 20:19
Արևմուտքը շուտով կկորցնի համաշխարհային տնտեսությունը կառավարելու հնարավորությունը․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները շուտով կկորցնեն համաշխարհային տնտեսությունն իրենց ուզած ձևով կառավարելու հնարավորությունը։
«Շատ խորն են ընկղմվել այդ համակարգի մեջ։ Բայց հավատացնում եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք համաշխարհային տնտեսությունն իրենց ուզածի պես կառավարելու՝ Արևմուտքի կարողությունների լուրջ նվազմանը։ Եվ ուզեն, թե չուզեն, միևնույն է, ստիպված են լինելու պայմանավորվածությունների գնալ»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ «Ռուսաստանն Արևմուտքի հետևից չի վազելու»։
«Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ չենք պատրաստվում վազել Արևմուտքի հետևից, նրանք խզել են գրեթե բոլոր հարաբերությունները։ Մենք գիտենք՝ ում հետ զարգացնել համագործակցությունը և կկենտրոնանք այն երկրների վրա, որոնք մեզ երբեք չեն հիասթափեցրել, որոնց հետ երբեմն շատ դժվար է եղել կոմպրոմիսի հասնելը, բայց փոխզիջման հասնելուց հետո ոչ ոք երբեք ոչ մեկին չի խաբել։ Արևմուտքի հետ ամեն ինչ ճիշտ հակառակն է»,- ասել է Սերգեյ Լավրովը։