26/12/2022 16:16
Համազգային պայքարի նոր փուլը պահանջում է հայ ժողովրդի բոլոր հատվածների կարողությունների համախմբում․ Խոսրով Հարությունյան
Արցախում նախօրեին տեղի ունեցած հանրահավաքով տրվել է համազգային պայքարի նոր փուլի մեկնարկը, կարծիք է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Տրված է համազգային պայքարի նոր փուլի մեկնարկը
Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ի հանրահավաքի կարևորությունը, թշնամու սադրանքներին դիմագրավելու արցախցիների անկոտրում կամքի դրսևորումից զատ, կայանում էր նրանում, որ արցախցին ի լուր ողջ հայության հռչակեց ազատագրմանը և պետականությանը տեր կանգնելու իր նվիրական խոստման և անխախտ պարտավորության՝ ազգային ուխտի մասին:
Այդ առումով այդ հայտարարությունն, անշուշտ, պատմական է:
Ավելին, արցախահայության այդ հայտարարությամբ տրվում է ազգային ազատագրական պայքարի նոր փուլի մեկնարկը:
Այդ պայքարը մեկնարկում է անհամեմատ բարդ և հայության համար ոչ շահեկան աշխարհաքաղաքական և անվտանգային պայմաններում:
Այս իրողությունը պահանջում է հայ ժողովրդի բոլոր հատվածների կարողությունների համախմբում և, որն ավելի կարևոր է, այդ կարողությունների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով գործողությունների համակարգում:
Վերջինն իրականացնելու համար անհրաժեշտ է մտածել համազգային համակարգող կենտրոնի կամ մարմնի ձևավորման մասին:
Ըստ իս, նման մարմնի համար որպես հենք կարող է ծառայել Համահայկական Հիմնադրամը՝ գործադիր մարմնի կազմի որոշակի փոփոխություններով:
Հրամայական է նաև Հայաստանի ժողովրդի և սփյուռքի անհետաձգելի և զանգվածային սատարումն ու միացումը Արցախի ազատագրման Ազգային Ուխտին՝ նույնպիսի հուժկու և համախմբված մասնակցությամբ:
Արցախահայությանը սատարող արձագանքը պետք է լինի նաև ազգային միասնության և սպառնալիքներին համախմբված (առանց բաժանարար գծերի) դիմագրավելու պատրաստակամության փաստացի դրսևորում:
Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի.
-Արցախը հայության սրբավայրն է և այցելությունն Արցախ յուրաքանչյուրի հայի համար պետք է ընկալվի որպես ուխտագնացություն:
-Այս դժվարին պայմաններում Արցախում ապրելը պատմանական առաքելություն է:
Արցախում ապրող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ ապրելով և արարելով Արցախում՝ ինքն իրականացնում է ապագա բոլոր ժամանակներում ողջ հայության լինելիության ապահովման իր պատմական առաքելությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խոսրով Հարությունյանը: