26/12/2022 14:07
Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
«4 ամսական փոքրիկին այժմ հսկում է այն բժիշկը, որը մինչև նրա Հայաստան տեղափոխվելը բուժում էր հեռավար տարբերակով։ Բուժման կուրսը նույնն է, փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա։ Երեխան մի քիչ աշխուժացել է, սկսել է ուտել, բայց հիվանդությանը հատուկ՝ շարունակում է բարձր ջերմել», - նշեց Խաչատրյանը։
Բժիշկները փոքրիկի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
4 ամսական փոքրիկը Արցախի «Արևիկ» բուժմիավորումից Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես «բնապահպաններ», փակել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։