27/12/2022 18:51
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ. Հոգեբանի խորհուրդն է՝ պայքարել վախի դեմ, ոչ թե փախչել
Վախն օրգանիզմի բնական պատասխանն է վտանգին, այդ թվում և՝ կյանքին սպառնացող իրավիճակներում։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և դրա հետևանքով մարդուն բնորոշ վախերի մասին Aysor.am-ը զրուցել է հոգեբան Էդիտա Միկոյանի հետ։
«Հետտրավմատիկ սթրեսային խանգարում վերապրելիս, վախը, տագնապը և նախկինում կրած տրավմայի մասին վերապրումներն ու հիշողությունները ոչ թե անհետանում, այլ շարունակվում են երկար ժամանակ՝ բերելով առօրյա նորմալ կենսագործունեության խանգարման։ Նման իրավիճակում կարևոր է առերեսվել խնդրին, պայքարել լուծումներ գտնելու ուղղությամբ, այլ ոչ թե փախչել խնդրից և մեկուսանալ», - ասաց հոգեբանը։
Հոգեբանի խոսքով, մարդիկ որևէ վտանգ զգալու կամ նման իրավիճակին ականատեսն լինելու դեպքում, պատրաստվում են «պայքարիր կամ փախչիր» ռեակցիային. սրտի ռիթմն արագանում է, շնչառությունը՝ հաճախանում։ Նորմայում այսպիսի զգացողությունները սթրեսային իրադարձությունից հետո անհետանում են։
Մահվան ականատես լինելը, ծանր վնասվածք ստանալը, պատերազմները կամ բնական աղետները, մարմնական և հոգեկան տրավմայի բերող այլ իրավիճակները կարող են առաջացնել հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ։
«Յուրաքանչյուր մարդ ծանր տրավմատիկ սթրեսին կարող է արձագանքել յուրովի, ու եթե որոշ անձանց մոտ առաջանում է խիստ արտահայտված անհանգստություն ու թախիծ, այնուամենայնիվ, նրանց գերիշխող մեծամասնությունը կարողանում է բարենպաստ ելք գտնել իրավիճակից, սակայն շատերի մոտ էլ զարգանում է խանգարում»,- ասաց Էդիտա Միկիոյանը։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարման հիմնական ախտանիշներն են՝
անցյալում կրած արտակարգ իրավիճակների կամ հոգեբանական տրավմայի վերապրում. հիշողություններ, գիշերային մղձավանջներ,
բացասական մտքեր և տրամադրություն,
արտաքին միջավայրի նկատմամբ բարձրացած զգոնություն և ֆիզիկական պատասխան այդ միջավայրի կտրուկ փոփոխություններին, որը կարող է ընկալվել որպես վտանգի նշան։
Խանգարումները կարող են լինել քրոնիկ և բերել մարդու կարողությունների կամ ունակությունների կտրուկ անկման, որը բացասաբար է ազդում ինչպես տվյալ անձի, այնպես էլ այլ մարդկանց հետ նրա փոխհարաբերությունների, շփումների և ընտանեկան կյանքի վրա։
Խանգարման ժամանակ նաև կարող են զարգանալ այլ վիճակներ՝ դեպրեսիա կամ թմրամիջոցների օգտագործում՝ որպես հոգեկան վերապրումների բուժման փորձ։
Եթե հետտրավմատիկ սթրեսային խանգարումն ինչ-որ մեկի մոտ առաջացնում է ինքնավնասման կամ ինքնասպանության մտքեր, ապա իրավիճակը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։