27/12/2022 15:29
«Դուստրս տասներեք տարեկանում ընտանիքի հոգսն իր վրա է վերցրել». Աննա Մանգասարյանը քանի օր է՝ չի կարողանում Արցախ՝ տուն վերադառնալ
Աննա Մանգասարյանն արդեն տասնվեց օր է ստպված է երեխայից հեռու ապրել. Արցախը մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու պատճառով մայրիկի հուղարկավորության համար Երևան ժամանած Աննան արդեն քանի օր է չի կարողանում Արցախ վերադառնալ։
«Դուստրս տասներեք տարեկանում ընտանիքի հոգսն իր վրա է վերցրել, հայրիկը զինվորական է, ոչ միշտ է տանը լինում, ամենադժվարը երեխայի՝ «Երբ ես վերադառնալու» հարցին պատասխանել չկարողանալն է։ Երեխաս ամենից շատ մայրիկի ներկայության ու ջերմության կարիքն ունի, կատակում է՝ հետո մրգի. թեև պարենի պակաս չկա, բայց աղջիկս տխուր է, որ նախկինի նման հիմա ամեն օր տանը միրգ չկա», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է նա։
Չնայած անձնական կորստին, վշտին՝ Աննան Երևանից փորձում է իր չափով օգտակար լինել. մասնակցում է բոլոր հնարավոր ակցիաներին, ընդգծում է՝ ինքը հասցեական պահանջներ ունի և ընդունում է, որ կյանքի ճանապարհի փակ լինելը քաղաքական հարց է։
«Ինձ համար ընկալելի չէ, որ այսքան կորուստներից հետո, կյանքի ու մահվան պայքարի օրերին մարդիկ վախենում են հասցեական պահանջներ ներկայացնելուց՝ մտավախություն ունենալով, թե կարող են քաղաքականացվել։ Ճանապարհի փակ լինելը քաղաքական հարց է, միջազգային կառույցներին, դեսպանատներին պահանջներ ներկայացնելուց առաջ նախ պետք է պահանջ ներկայացնել մարդու, որ բղավում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ»։
Աննա Մանգասարյանը մեկնաբանում է՝ այն, որ Արցախում է ապրում, այս իշխանությանը չի ընտրել, չի նշանակում, թե հրաժարականի կամ այլ պահանջներ ներկայացնելու իրավունք չունի։
«Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է իմ, հազարավոր մարդկանց զրկանքների համար, ինքն է հասցրել մեզ այս օրվան, իր՝ սեփական կետից բանակցություններ վարելու, ընտրած քաղաքականության հետևանքով են մարդիկ ապրում անփառունակ, պատվազուրկ օրեր»։
Աննան ասում է՝ չնայած դժվարություններին՝ Արցախում հաստատակամ են պայքարելու, չընկրկելու հարցում և նույնն էլ ակնկալում են մայր Հայաստանից.պատահական չէ, որ Վերածննդի հրապարակում բազմամարդ հանրահավաքին ՝ «Հայաստան չգնաս զիջումների» գրությամբ պաստառներ կային։
«Թեև շատ բարդ է անորոշության պայմաններում ապրելը, բայց չեմ պատրաստվում Արցախից հեռանալ, մենք շատ թանկ գին ենք վճարել և շարունակում վճարել մեր հայրենիքում ապրելու համար»։
Աննան ընդգծում է՝ չի ճանաչում մեկին, որ այս օրերին խոսի Արցախը լքելու մասին, ավելին՝ կա հակառակ համոզմունքը՝ պիտի մնալ անկախ բոլոր դժվարություններից։
«Հիմա Երևանից հասկանում եմ՝ ինչ են զգում մարդիկ, երբ Արցախում թշնամին սադրանքներ է իրականացնում, Արցախում լինելով՝ անմիջական սպառնալիքի պայմաններում ամեն ինչ ավելի հաղթահարելի է թվում, քան հեռվից, երբ չգիտես ներսում ինչ է կատարվում»։
Աննան հույս ունի, որ գոնե Ամանորը կկարողանա դստեր հետ դիմավորել, մենակ չթողնել, ինչպես որ երեխայի ծննդյան օրն էր ստիպված հեռու լինել։