27/12/2022 19:27
Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հետ․ «Արցախպրես»
Քիչ առաջ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը համաձայնել է և հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակին՝ Տիգրան Պետրոսյանին:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը:
Ակցիայի նախաձեռնողը տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում, մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները։
«Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է»,-ասել է Տիգրան Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ այսօր մի խումբ արցախցիներ «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան:
Ինչպես տեղեկացրել են նախաձեռնողները, ակցիայի նպատակը Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումն է և իրենց իրավունքներին պահանջատեր լինելը: