28/12/2022 18:21
Ինչպես կարող է մակուլյար դեգեներացիան ազդել կյանքի որակի վրա. Կանխարգելման միջոցներ
Մակուլյար դեգեներացիան աչքի ծանր և անդառնալի հիվանդություն է։ Աչքի մակուլյար դեգեներացիան վերջնական բուժում չունի, սակայն կարելի է նվազեցնել կամ ընդհատել տեսողության հետագա կորստի ռիսկը:
Մակուլյար դեգեներացիան առաջացնում է տեսողության աղոտացում կամ նույնիսկ կորուստ տեսադաշտի կենտրոնական շրջանում: Սա բերում է մարդկանց դեմքերը տեսնելու և ճանաչելու, ավտոմեքենա վարելու և այլ դժվարությունների: Ծանր դեպքերում հիվանդությունն ավարտվում է լիարժեք կուրությամբ:
Կան մակուլյար դեգեներացիայի երկու հիմնական տեսակներ՝
- չոր, որն ամենատարածված տեսակն է, զարգանում է դանդաղորեն և աստիճանաբար առաջացնում տեսողության կորուստ,
- թաց, որն ամենածանր տեսակն է, զարգանում է արագորեն, երբ մակուլայի տակ ի հայտ են գալիս ոչ նորմալ արյունատար անոթներ՝ բերելով վերջինիս այտուցի:
Մակուլյար դեգեներացիան հաճախ զարգանում է 50-անց մարդկանց մոտ, ուստի հայտնի է նաև որպես տարիքային մակուլյար դեգեներացիա:
Որքան շուտ ախտորոշվի այս հիվանդությունը, այդքան ավելի հեշտ կլինի սկսել բուժման գործընթացը։ Տեսողության կանոնավոր ստուգումը կարող է օգնել, որպեսզի հիվանդությունը շուտ ախտորոշվի:
Մակուլյար դեգեներացիայի առաջացման հիմնական պատճառը հայտնի չէ: Սակայն այն ավելի հաճախ է հանդիպում ծխող, մարմնի ավելցուկային կշռով, անառողջ սնունդ օգտագործող և այնպիսի հիվանդություններով մարդկանց շրջանում, որոնք ախտահարում են արյունատար անոթները, օրինակ՝ բարձր խոլեստերին կամ դիաբետ:
Մակուլյար դեգեներացիայի հիմնական ախտանիշը մոտիկ առարկաների վրա տեսողությունը կենտրոնացնելու դժվարությունն է, որի պատճառով կարող են առաջանալ՝
աղոտ տեսողություն կամ տեսադաշտում մթնած շրջանակներ,
տեսադաշտի կենտրոնում տեսողության նվազում կամ կորուստ,
փոքր տառաչափով գրվածքներն ընթերցելու դժվարություն,
մոտիկ աշխատանքի կամ կարդալու համար ավելի ուժեղ լույսի կարիք,
տարածությունները գնահատելու հետ կապված դժվարություններ,
դեմքերը ճանաչելու դժվարություն,
գույների ավելի մուգ ընկալում,
ուղիղ գծերի կորացած ընկալում:
Մակուլյար դեգեներացիան որևէ բուժում չունի, ուստի ակնաբույժը պետք է ձգտի, որպեսզի պահպանվի ձեր տեսողության տվյալ պահի առավել լավագույն մակարդակը:
Թաց մակուլյար դեգեներացիայի ժամանակ ավելի հաճախ առաջարկվում է դեղերի հետակնագնդային ներարկում, որը կարող է նվազեցնել տեղային բորբոքումը և արյունալեցումը:
Մի շարք կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ կարելի է կրճատել մակուլյար դեգեներացիայի զարգացումը կամ կանգնեցնել տեսողության կորուստը՝
համոզվեք, որ արյան ճնշումը նորմալ է,
դարձրեք սննդակարգն առողջ, որը հարուստ է մրգերով, բանջարեղեններով և օմեգա-3 ճարպերով,
արևոտ օրերին աչքերը պաշտպանեք արևային ակնոցներով,
կարգավորեք կշիռը և ֆիզիկապես ակտիվ ապրելակերպ վարեք,
բժշկի կամ դիետոլոգի խորհրդով խմեք հակաօքսիդանտային հավելումներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։