28/12/2022 20:32
Ֆիզիկական վարժանքների և հոգեկան առողջության անմիջական կապը. Ինչի՞ց է պետք սկսել
Ֆիզիկական պատրաստվածությունը ունի բավականին օգտակար ազդեցություն՝ ինչպես մարդու ընդհանուր վիճակի, այնպես էլ հոգեկան աշխարհի հավասարակշռության գործում։
Վարժանքները գլխուղեղում խթանում են այնպիսի նյութերի արտադրությունը, որոնք բարելավում են տրամադրությունը և ուղեղի այն շրջանների գործունեությունը, որոնք պատասխանատու են հիշողության և սովորելու գործընթացների համար։
Վարժանքները կարող են օգնել ավելի լավ զգալ, նույնիսկ եթե ինքնազգացողության հետ կապված որևէ խնդիր չունեք։
Ֆիզիկապես առողջ և դինամիկ մարզվող մարդկանց մոտ նվազում են այնպիսի ծանր հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝
սրտի իշեմիկ հիվանդություններ,
թոքային հիվանդություններ,
արյան բարձր ճնշում,
դիաբետ,
գիրություն,
քաղցկեղ,
դեմենցիա և Ալցհեյմերի հիվանդություն,
Պարկինսոնի հիվանդություն։
Վարժանքներն օգնում են նաև ինսուլտից և տարբեր այլ հիվանդություններից ու դրանց հետևանքով առաջացած բարդություններից վերականգնմանը։
Վարժությունների միջակայքում մեր գլխուղեղում խթանվում է տրամադրությունը բարելավող էնդորֆինների և սերոտոնինի արտադրությունը, որն էլ ապահովում է ամբողջ օրվա բարձր ինքնազգացողությունն ու ակտիվությունը։
Հոգեբանների կարծիքով, դրանք օգնում են «կտրվել» արտաքին աշխարհից և կրճատել միայնակության և մեկուսացման զգացումները՝ ձեռք բերելով նոր ծանոթություններ։
Ամենակարևոր և օգտակար ազդեցությունը քնի կարգավորման մեխանիզմն է։ Վարժանքների շնորհիվ օրգանիզմը ապահովում է հանգիստ և առանց ընդհատումների քուն, երբ հանգստանում է ինչպես մարմինը, այնպես էլ ուղեղն ու բալանսավորվում հոգեկանի գործառույթները։
Վարժանքները մեծացնում են դեպի գլխուղեղ արյան հոսքը, որի շնորհիվ մտածողությունը դառնում է ավելի պարզ և պատրաստ ցանկացած ինֆորմացիա ստանալու։
Ֆիզիկական կանոնավոր վարժանքները մեծացնում են գլխուղեղի հիպոկամպ կոչվող շրջանը, որը պատասխանատու է հիշողության համար։ Դրականորեն են ազդում ուղեղի նյարդաբջիջների միջև կապերի վրա, որոնք օգնում են վնասվածքի կամ հիվանդությունների դեմ ուղեղի պաշտպանողական ռեակցիաներին։
Միջազգային ուղեցույցներին համապատասխան, չափահաս մարդկանց խորհուրդ է տրվում շաբաթվա բոլոր օրերին օրական առնվազն 30 րոպե զբաղվել չափավոր ծանրաբեռնվածության վարժանքներով։ Վարժանքներ կատարելիս գիտակցված մոտեցումը կարող է օգնել սթրեսի կրճատմանը և բարելավել հոգեկան գործունեությունը։
Կարելի է վարժանք համարել նաև առօրյա կյանքում ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջող գործերով զբաղվելը՝ այգեգործություն, հեծանիվով աշխատանքի մեկնում, լող, ֆիթնես մարզումներ և այլն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։