28/12/2022 21:15
Գինեկոմաստիա. Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել տղամարդկանց մոտ կրծքագեղձի անոմալ մեծացումը
Գինեկոմաստիան հիվանդություն է, որը տղամարդկանց մոտ առաջացնում է կրծքագեղձերի բարորակ (ոչ քաղցկեղածին) մեծացում:
Սա բավականին տարածված և սովորաբար ոչ ծանր ընթացքով հիվանդություն է: Այնուամենայնիվ, եթե գինեկոմաստիան առաջացնում է անհանգստություն, անախորժություն կամ հոգեկան տհաճ վիճակ, դուք կարող եք դիմել բժշկին՝ դեղորայքային կամ պլաստիկ վիրահատությամբ բուժելու համար:
Գինեկոմաստիան արտահայտվում է կրծքագեղձերի հյուսվածքի այտուցով, կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու կրծքագեղձերում: Նման վիճակը հաճախ զարգանում է էստրոգեն և տեստոստերոն հորմոնների միջև բնական անհավասարակշռության պատճառով, մասնավորապես, ծնվելուց հետո, սեռահասունացման շրջանում կամ հասուն տարիքում: Սա կոչվում է ֆիզիոլոգիական գինեկոմաստիա:
Ֆիզիոլոգիական գինեկոմաստիան խիստ տարածված է. տղաների ավելի քան կեսի մոտ այն առաջանում է սեռահասունացման շրջանում, սակայն տարիքի հետ ինքնուրույն անհետանում է (75%-ի մոտ՝ ի հայտ գալուց 2 տարվա ընթացքում):
Էնդոկրին (ներզատական) համակարգի էստրոգեն-տեստոստերոն հարաբերակցության բարձրացման խանգարումները գինեկոմաստիայի առաջացման հաճախ հանդիպող պատճառներ են, թեև կրծքագեղձերի մեծացում կարող է զարգանալ նաև այն դեպքում, երբ անդրոգենների և էստրոգենների մակարդակները նորմայի մեջ են, սակայն խախտված է նրանց հարաբերակցությունը:
Գինեկոմաստիա կարող է պատճառվել նաև հորմոնային տեղաշարժեր առաջացնող դեղեր ընդունելիս, ինչպես նաև դեպրեսիայի, բարձր արյան ճնշման, սրտխառնոցի կամ ստամոքսի խոցի պատճառով։ Թմրամիջոցները և ալկոհոլը նույնպես կարող են առաջացնել կրծքագեղձերի հյուսվածքի գերաճ:
Գինեկոմաստիայի ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են՝ ժառանգական հիվանդությունները (օրինակ՝ Կլայնֆելտերի համախտանիշ), քրոնիկ երիկամային կամ լյարդային հիվանդությունները, մալաբսորբցիայի բերող, գեղձերի ուռուցքային հիվանդությունները և այլն։
Գինեկոմաստիան դրսևորվում է տղամարդկանց մոտ կրծքագեղձերի մեծացմամբ՝ կրծքի արեոլայի տակ շոշափվող փափուկ, սեղմվող և շարժուն ենթամաշկային հյուսվածքով, որը տարբերվում է ավելի փափուկ ճարպային հյուսվածքից:
Մաշկի փոսությունը և պտուկի ներքաշումը չեն համարվում գինեկոմաստիային բնորոշ նշաններ. սա ավելի շուտ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշ կարող է լինել: Պտուկից կաթնային արտադրությունը նույնպես չի համարվում գինեկոմաստիային բնորոշ նշան, սակայն կարող է լինել, եթե գինեկոմաստիայի պատճառ է հանդիսացել պրոլակտին արտադրող ուռուցքը։
Գինեկոմաստիայի այլ հնարավոր նշաններից են նաև կրծքավանդակի հյուսվածքի անահմաչափությունը և հարպտկային շրջանի տրամագծի մեծացումը։
Հաճախ գինեկոմաստիան ինքնուրույն վերանում է: Սա կարող է տևել սկսած 6 ամսից մինչև 2 տարի: Եթե գինեկոմաստիայի պատճառը դեղերն են, ապա դրանց ընդունումը դադարեցնելը կօգնի այս վիճակի մեղմացմանը կամ վերացմանը: Եթե գինեկոմաստիան առաջանում որպես որևէ հիվանդության կամ առողջական խնդրի դրսևորում, ապա հիմնական վիճակի բուժումը նույնպես կարող է բերել տեղամարդկանց կրծքագեղձերի փոքրացման:
Գինեկոմաստիան կարող է պատճառել ցավ, անհանգստություն կամ հոգեկան անախորժ վիճակ:
Մեկ այլ տարբերակ է կրծքագեղձի փոքրացման վիրահատությունը, երբ հեռացվում է կուտակված ճարպային հյուսվածքը կամ գեղձային հյուսվածքը:
Եթե գինեկոմաստիան ի հայտ է եկել դեռահաս տղաների մոտ, ապա կարիք կառաջանա համբերել և սպասել, մինչև նրա սեռահասունացումը լիարժեք կավարտվի:
Մարմնակառուցվածքի նմանատիպ փոփոխություններ նկատելու դեպքում, բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտվել՝ բացառելու հետագա բարդությունների առաջացման ռիսկերը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։