28/12/2022 17:30
Ճանապարհը փակվել է, երբ Փաշինյանը հայտարարեց՝ Տեղ գյուղից այն կողմ «Ադրբեջան է»․ Իշխան Սաղաթելյան
Հայաստանի գործող իշխանությունները պարտավոր են լուծել Արցախի 120 000 շրջափակված քաղաքացիների ճակատագրին վերաբերող հարցը, նրանք չպետք է անդադար խուսափեն դրանից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նախաձեռնած «Իրական մեղավորը» խորագրով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Նրանք չեն կարող շարունակ ասել՝ մեղավոր են ռուսները, ղարաբաղցիները, «նախկինները», ընդդիմադիրները և խուսափեն իրենց բուն առաքելությունից ու պարտականությունից»,- ընդգծեց Սաղաթելյանն ու անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին՝ նշելով՝ գործող իշխանությունները Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմամբ էլ չեն զբաղվում։
«Ցանկացած երկրի իշխանություն ունի պատասխանատվություն՝ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Նրանք փորձում են իրենց այդ հիմնական գործառույթից էլ հրաժարվել»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Լրագրողների խնդրանքով Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև իշխանության տարբեր օղակներից ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին, որոնց տրամաբանության համաձայն՝ Լաչինի միջանցքը շրջափակողը Հայաստանի կառավարությունը չէ, որ ընդդիմությունը ցույցերն իրականացնում է Հայաստանի կառավարության շենքի դիմաց։
«Ալիևի հետ աշխատում է Նիկոլը, իր ընտանիքը, իր խմբակը։ Ու աշխատել են անցնող երկու տարիների ընթացքում։ Ոչ միայն աշխատում են, այլև սպասարկում են անձամբ Ալիևի և Էրդողանի շահերը։
Երկիրն այս իրավիճակին բերել, հասցրել են իրենք, և ճանապարհը փակել է Նիկոլը՝ Ալիևի հետ համատեղ։ Իր գործունեության արդյունքում է դա եղել։ Դա եղել է այն օրվանից, երբ նա հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, երբ որ ասաց՝ Տեղ գյուղի այն կողմ «Ադրբեջանն» է։ Թող մեր քաղաքացիները հիշեն այդ խոսքերը։ Հետևաբար, նրանք չեն կարող հանգիստ նստել իրենց տեղում՝ Արցախի քաղաքացիներին պահելով շրջափակման մեջ»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։