28/12/2022 18:48
1 000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակը հունվարի 1-ից կվճարվի անկանխիկ եղանակով
Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը 2023 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Այս բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, խնամքի նպաստ ստացողները, ովքեր իրենց գումարը մինչ այս ստացել են Հայփոստի միջոցով, վճարող կազմակերպությունը փոխելու և բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ։
Աշխատող անձինք կարող են դիմել նաև առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3C8csGK։
Այն անձինք, ովքեր մինչև տարեվերջ չեն դիմի բանկ ընտրելու համար, 2023 թվականի հունվարին իրենց կենսաթոշակը կամ նպաստը կստանան ծրագրային մոդուլով պատահականորեն ընտրված բանկի միջոցով։
75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։