29/12/2022 10:37
Վիվա-ՄՏՍ. արդյունավետ լուծում՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով
Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզում, տարիներ շարունակ՝ ձմռանը հարկադրված պարապուրդի ռեժիմով են աշխատում: Նույնիսկ մարզին հատուկ՝ մեղմ կլիման թույլ չի տալիս խուսափել ջեռուցման ծախսատար մեթոդներից: Թեև վերջին տարիներին շենքում ջեռուցման համակարգ է կառուցվել և էլեկտրական սալիկներից ու վառարանից օգտվելու պրակտիկան մնացել է անցյալում, սակայն գազով աշխատող կաթսաները զգալի ծախսեր են պահանջում: Հարյուր տարի առաջ կառուցված՝ ֆունկցիոնալ այլ նշանակության շենքը 80-ականներին է սկսել գործել որպես մանկապարտեզ: Թեև շատ ամուր է՝ հաստ պատերով, սակայն բարձր առաստաղը շատ էներգիա սպառելու անհրաժեշտություն է առաջացնում: Ջեռուցման ծախսատար մեթոդներից հրաժարվելու ամենաիրատեսական և արդյունավետ միջոցը արևային ֆոտովոլտային կայան տեղադրելն է:
Մանկապարտեզի խնդրին ծանոթանալուց հետո, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծում են գտել. բնության ստեղծած խնդիրը լուծել բնության օգնությամբ: Արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են սկսվել՝ հաջորդ տարի շենքը արևային էներգիայից ստացված էներգիայով ջեռուցելու համար:
Ծախսը զրոյացնելու նպատակով կառուցվող կայանը կգործի 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ: Կտեղադրվի նաև 21 կվտ/ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա: Արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսի, ապահովել մանկապարտեզի բնականոն աշխատանքը: Ավելին՝ հնարավոր կլինի ավելացնել սաների թիվն ու նոր խումբ բացել::
Մանկապարտեզի տնօրեն Վիկտորյա Ավագյանը կարևոր է համարում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագիրը: Վստահ է, որ երբ արևային կայանն սկսի գործել՝ բնությունն այլևս չի «սահմանի» աշխատողների արձակուրդի ժամկետը, մանկավարժների և ծնողների ծրագրերն էլ չեն խախտվի:
«Հայաստանն արև շատ ունի: Կօգտագործենք բնական ռեսուրսները մեր ծախսերի համար: Կկրճատվեն մեր ծախսերը, ծնողներն էլ գոհ կլինեն մեզանից, մենք էլ խնայված գումարները կօգտագործենք այլ ծախսերի համար: Մանկապարտեզն ունի երկու խումբ, որոնցում ընդհանուր ընդգրկված է 60 սան: Ուզում ենք ևս մեկով ավելացնել խմբերի քանակը: Երրորդ խումբ չունենալը՝ նախ պայմաններից էր կախված. Ջեռուցում չկար, առանձին սենյակներ չէին ջեռուցվում: Այժմ համակարգը նորմալ է, 23 թվականին կունենանք տնտեսված գումար՝ արևային համակարգի միջոցով և կբացենք երրորդ խումբը»,- ասել է նա:
Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերն և ակտիվացնել բնակիչների կյանքը։ ՏԱրիների գործընկերներն Արմավիրում կառուցվող արևային ֆոտովոլտային կայանի արդյունքը հնարավորություն կունենան գնահատել հաջորդ տարի՝ կազմակերպվելիք շրջայցի ընթացքում: