29/12/2022 20:50
Մանկական արթրիտ. Հոդաբորբի առաջացման հիմնական պատճառները
Հոդաբորբ երևույթը կարող է զարգանալ ոչ միայն մեծահասակ անձանց, այլև երեխաների մոտ: Մանկական տարիքի արթրիտը կամ հոդաբորբը հայտնի է նաև որպես պատանեկան, դեռահասների կամ յուվենիլ արթրիտ:
Շատ կարևոր է, որպեսզի երեխաների մոտ հոդաբորբի ախտանիշները հայտնաբերվեն և բուժվեն հնարավորինս վաղ փուլում:
Արթրիտը ախտահարում է հոդերը՝ առաջացնելով ցավ, այտուց և տվյալ հոդում շարժունակության սահմանափակում:
Մանկական տարիքում հոդաբորբը կարող է ստանալ մեղմ կամ ծանր ընթացք և տևել ամիսներ կամ տարիներ: Երեխաների մոտ հոդաբորբը կարող է իր ախտանիշներով և ընթացքով նմանվել չափահաս մարդկանց արթրիտներին:
Տարբերում են պատանեկան կամ դեռահասների արթրիտի մի քանի տարբեր տեսակներ: Հիմնական տեսակներն են՝
սակավահոդային (օլիգոարտիկուլյար կամ պաուցիարտիկուլյար), որն ամենահաճախ հանդիպող տեսակն է, սովորաբար զարգանում է 2-4 տարեկանում և ախտահարում մինչև 4 հոդ,
բազմահոդային (պոլիարտիկուլյար), որը զարգանում է 1-12 տարեկան երեխաների մոտ և ընթանում 5 և ավելի մեծ թվով հոդերի ախտահարմամբ:
Ավելի հազվադեպ հանդիպող պատանեկան արթրիտի տեսակներից են՝
համակարգային (սիստեմիկ), որն ընթանում է այլ՝ արտահոդային ախտանիշների զարգացմամբ, օրինակ՝ մարմնի ջերմության բարձրացում և ցանավորում,
էնթեզիտ, երբ ախտահարվում են կապանների և ջլերի՝ ոսկրերին կպչելու կետերը,
փսորիատիկ, որի ժամանակ հոդերից բացի ախտահարվում է նաև երեխայի մաշկը:
Սովորաբար պատանեկան արթրիտի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում են մանկական ռևմատոլոգները:
Պատանեկան կամ դեռահասների արթրիտի ախտանիշները բազմազան են և ժամանակի տարբեր շրջաններում կամ տարբեր երեխաների մոտ կարող են ստանալ կլինիկական տարբեր դրսևորումներ:
Ամենահաճախ հանդիպող նշաններն են՝
մեկ կամ ավելի շատ հոդերի այտուցվածություն, ցավ և կարկամվածություն, հատկապես՝ հանգստից հետո սաստկացող, որը տևում է առնվազն 6 շաբաթ և ավելի երկար,
ախտահարված հոդերը ծածկող մաշկի տեղային տաքություն (որը զգացվում է հպվելիս) կամ կարմրություն:
Ավելի հազվադեպ հանդիպող ախտանիշերից են՝
մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
ընդհանուր թուլություն, հոգնածության զգացում և մանկական աշխուժության կորուստ,
մաշկի ցանավորում,
ախորժակի վատացում և մարմնի կշռի կորուստ,
աչքերի, երբեմն նաև այլ օրգանների բորբոքում:
Բուժումը կարող է ներառել՝
ցավազրկող և հակաբորբոքային դեղեր, որոնք օգնում են հոդացավի և այտուցվածության մեղմացմանը,
այլ դեղեր, օրինակ՝ ստերոիդներ կամ հիվանդությունը ձևափոխող հակառևմատիկ դեղեր,
հոդերի շարժունակությանը, մկանների ամրությանը և ցավերի մեղմացմանն ուղղված վարժություններ,
հոդերի շարժունակությանն օժանդակող միջոցներ:
Արթրիտի վաղ բուժումը թույլ է տալիս հնարավորինս խուսափել հոդերի երկարաժամկետ անդառնալի վնասումից և հաշմանդամությունից:
Պատանեկան կամ դեռահասների արթրիտի բուժումը սովորաբար կազմակերպվում է որպես տարբեր ոլորտի բժիշկ-մասնագետների թիմային աշխատանք, այդ թվում՝ ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի, ռևմատոլոգի, ֆիզիոթերապևտի, պոդիատրիստի, սոցիալական աշխատողի, հոգեբանի և այլն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։