29/12/2022 17:43
Երևանյան հիվանդություն կամ միջերկրածովյան տենդ. Հիվանդության առանձնահատկությունները
Ընտանեկան միջերկրածովյան տենդը ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը դրսևորվում է կրկնվող տենդի դրվագներով և որովայնի, կրծքավանդակի և հոդերի ցավերով:
Հիվանդությունն ունի տարբեր անվանումներ: Հայաստանում տարածված է պարբերական հիվանդություն անվանումը (նախկինում՝ երևանյան հիվանդություն):
Հիվանդության միջազգային անվանման մեջ «ընտանեկան» բառը պատահական չի ներառվել. այս հիվանդությունը ժառանգական բնույթի է (աուտոսոմ-ռեցեսիվ տիպ), բայց սա չի նշանակում, որ եթե ծնողներից մեկի մոտ առկա է ՊՀ, ապա այն պետք է կրկնվի նաև երեխայի մոտ։
Հիվանդության անվանման մեկ այլ բառը՝ «միջերկրածովյանը» նույնպես ունի իր բացատրությունը. ՊՀ ավելի հաճախ հանդիպում է միջերկրածովյան տարածաշրջանի բնակիչների մոտ՝ հյուսիսաֆրիկյան ժողովուրդներ, հրեաներ, արաբներ, հայեր, թուրքեր, ադրբեջանցիներ, քրդեր, հույներ, իտալացիներ և այլն:
ՊՀ գլխավորապես ախտորոշվում է մանկապատանեկան տարիքում. 10-ից 9 հիվանդների մոտ առաջին նոպան լինում է մինչև 18 տարին լրանալը և արտահայտվում պարբերաբար կրկնվող տենդի դրվագներով, որոնք զուգակցվում են որովայնի, կրծքավանդակի շրջանի ցավերով, հոդացավերով կամ հոդաբորբերով։
ՊՀ վերջնական բուժում չունի, սակայն հիվանդը կարող է ստանալ դեղեր, որոնք կօգնեն գանգատների մեղմացմանը և նույնիսկ կկանխարգելեն կամ կհետաձգեն նոր սիմպտոմների առաջացումը։
Պարբերական հիվանդության սրացմանը կարող են նպաստել ընդհանուր մրսածությունը և գրիպը, սթրեսը, կլիմայի փոփոխությունը, սննդային գործոնը և աղիքային վարակները:
Նախկինում տարանջատում էին ՊՀ որովայնային, հոդային կամ կրծքային ձևերը։ Ներկա բժշկագիտության մեջ նման տարբերակմանն այլևս առաջնային տեղ չի հատկացվում, քանի որ բոլոր դեպքերում էլ հիմնականում ախտահարվում են շճային թաղանթները և ընդգրկվում մի շարք օրգան-համակարգեր:
Տարբերում են ՊՀ տիպիկ և ատիպիկ ընթացքներ: Տիպիկ ընթացքին բնորոշ է կրկնվող տենդը և վերոնշյալ ախտահարումները: Ատիպիկ ընթացքի դեպքում լինում են ոչ հստակ կրկնվող տենդի դրվագներ, գերակշռում է մյուս օրգան-համակարգերի ընդգրկումը, այսինքն՝ որովայնային կրկնվող ցավեր, կրծքային ցավեր, կայուն հոդային համախտանիշ, հոդամկանային ցավեր:
Տարբեր հիվանդների մոտ կարող են տարբերվել նաև հիվանդության նոպաների հաճախականությունը և միջնոպայական տևողությունը:
Հաճախ հանդիպող, սակայն ոչ մշտական ախտանիշներն են կրկնվող մկանացավը, միգրենանման գլխացավը, օրխիտը և փայծաղի մեծացումը:
Կախված հիվանդության ընթացքից և բուժման արդյունավետությունից, հիվանդության շրջանները կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։