29/12/2022 11:47
Հայաստանը որպես պետություն գոյություն չունենալու մասին հրապարակայնորեն կոչ անողները կպատժվեն. կառավարությունն ընդունեց նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելու համար պատիժ է սահմանվելու 10-ից 15 տարին, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերի համար՝ տուգանք, կամ՝ 2 ամիս ժամկետից մինչև 3 տարի ազատազրկում։
«Իսկ եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն գործադրվող ստեղագործությունները կամ ԶԼՄ-ները, կամ ՏՏ-ները, ապա կարող է սպառնալ մինչև 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում»,- մանրամասնեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե որևէ մեկը չի կարող հրապարակայնորեն կոչ անել, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն գոյություն չունենալու մասին ու, ընդհանրապես, ինքնիշխանությունը նսեմացնելու ու դրան ուղղված գործողություններ իրականացնել։