29/12/2022 16:26
Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի թեզը՝ ով կորցնի Արցախը` կկործանվի
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Արցախի կարևորությանը՝ ընդգծելով՝ Արցախն ապրում և պայքարում է նախևառաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:
«Վերջին 30 տարում, 1991 թվականից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն, ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը:
Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը` կկործանվի: Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց է: Իսկ եթե ազերիները կորցնեն Արցախը, ապա Ադրբեջանի արհեստական պետությունը, նավթի ավարտից հետո, որևէ արժեք չի ունենալու և կործանվելու է:
Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ (նաև շրջափակման մեջ) կամա, թե ակամա, ապրում և պայքարում է նախևառաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: