29/12/2022 20:36
«Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան
«Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան, տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից։
«24-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել՝ ծնկի լուրջ վնասվածքից երկարատև ապաքինվելուց հետո:
Վարդանյանն իր ֆուտբոլային առաջին քայլերն արել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»), ապա շարունակել աճել որպես ֆուտբոլիստ իսպանական գրանդի՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Նա հանդես է եկել նաև «Փյունիկ» և «Սոչի» ֆուտբոլային ակումբների կազմում: Վերադառնալով հարազատ «Ուրարտու»՝ կիսապաշտպանը հասցրեց մասնակցել 7 հանդիպման։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և Էրիկ Վարդանյանի ճանապարհներն այսքանով չեն բաժանվում․ ֆուտբոլիստը շարունակելու է աշխատանքն ակումբի սպորտային բաժնում՝ որպես սկաուտ-վերլուծաբան, և կօգնի թիմին հասնելու բարձր նվաճումների։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր երախտագիտությունն է հայտնում Էրիկ Վարդանյանին՝ որպես ֆուտբոլիստ ակումբում անցկացրած տարիների և կատարած աշխատանքի համար, և ողջունում նրան նոր պաշտոնում՝ մաղթելով արդյունավետ գործունեություն»,- նշված է հաղորդագրությունում։