29/12/2022 11:11
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է. Նիկոլ Փաշինյան
Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է. հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում։
«Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։ Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ», - նշեց վարչապետը։