29/12/2022 09:59
«Հրապարակ». Նախարարությունում աշխատանքային ժամերից դուրս գտնվելն արգելվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ միայն մի հսկա բանակ է աշխատում Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար, որը քանիցս ավելի թանկ է նստում բյուջեի վրա, քան բոլոր նախկին իշխանությունների ժամանակ է եղել, այլև տարբեր օղակներում իրար հետ մրցում են վտանգի աղբյուրները «հայտնաբերելու և չեզոքացնելու» հարցում:
Ֆինանսների նախարարության վաղեմի աշխատակիցներից մեկը պատմեց, որ նման հսկողություն իրենց մոտ երբեք չի իրականացվել։
Նախ, նախարարություն մուտք գործելիս են հիմնովին զննում և, չգիտես ինչու, պահանջում, որ շենք մտնելիս միացնեն ձեռքի հեռախոսը և էկրանը ցուցադրեն անվտանգության աշխատողին: Ապա նախարարությունում աշխատանքային ժամերից դուրս գտնվելն է արգելվել:
Եթե նախկինում աշխատակիցները կարող էին երկար մնալ կամ շաբաթ-կիրակի օրերին մտնել շենք, իրենց աշխատասենյակներում` համակարգչի մոտ աշխատել, ապա այժմ դա արգելված է: Առնվազն հազար թուղթ ու թույլտվություն պետք է ստանա տվյալ աշխատակիցը` հիմնավորի, թե ինչ անավարտ գործ ունի, որ շաբաթ օրն ուզում է գալ աշխատավայր: Եվ հիմնական պատճառն այն է, որ ֆիննախը հարակից է այն շենքին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է նստում»։