30/12/2022 20:32
Կյանքն առանց հարաբերությունների. Հոգեբանն ասում է՝ միայնակ լինելը բնական է
Համաշխարհային սոցիալական միության հետազոտության համաձայն՝ միայնակ մարդկանց թիվը 2010-2022 թվականներին 28%-ից հասել է 44%-ի։
Զրուցելով հոգեբան Լիլիթ Համբարձումյանի հետ՝ Aysor.am-ը փորձել է հասկանալ, թե որքանո՞վ է անձնական կյանքում միայնակ լինելու փաստը խանգարում կյանքի որակի բարելավամանը և մարդու ինքնազգացողությանը։
«Հայ հասարակության մեջ այս թեման միշտ արդիական կարելի է համարել, քանի որ դիմացինի կյանքով ապրելը յուրաքանչյուրը համարում է իր առաքելությունն այս երկրի վրա։ Որքան էլ պնդենք, որ միայնակ կյանքով ապրելը նորմ է, այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր ընտրում են կյանքըն առանց զուգընկերոջ, բախվում են մշտական սոցիալական ճնշման», - ասաց հոգեբանը։
Մասնագետը նշեց, որ խնդիրն այնքան տարածված և սուր է աշխարհում, որ ստեղծվել է հատուկ տերմին՝«սինգլիզմ»՝ մատնանշելու միայնակ մարդկանց նկատմամբ խտրականությունը և առանց կողակցի ապրողներին վերագրվող կարծրատիպերը:
«Միայնակ մարդիկ խտրականության են ենթարկվում ինչպես հանրային, այնպես էլ անձնական կյանքում՝ սկսած այնպիսի հարցերից, ինչպիսիք են՝ «ե՞րբ եք ամուսնանալու», «ինչու՞ դեռ ընկեր, ընկերուհի չունես» և այլն։ Նման պարագայում անհրաժեշտ է չմեկուսանալ և չխուսափել հարցին պատասխանելուց, այլ ասել, որ դա խիստ անձնական է և միայն իրեն է վերաբերում, կամ որևէ անձի հետ չի ցանկանում քննարկել անձնական հարցեր», - ասաց Լիլիթ Համբարձումյանը։
Հոգեբանը նշեց նաև մի կարևոր հանգամանք, որը բերում է նման մոտեցման և վերաբերմունքի. Ժամանակին զույգի ստեղծումը գոյատևման բնույթ էր կրում՝ մարդը պետք է կառուցեր տնտեսական և կենցաղային հարաբերություններ։ Հիմա յուրաքանչյուրը հնարավորություն ունի ընտրելու՝ ինչն է իր համար լավ, ինչը վատ։
Լիլիթ Համբարձումյանի խոսքով, հասարակությունը՝ հատկապես հայ, դեռևս պատրաստ չէ հարգել դիմացինի անձնական սահմանները, դրանից էլ առաջանում է անհիմն հետաքրքրություն և հարցերի տարափ։
«Ցանկացած հարաբերություն ստեղծելիս նորմը անձնական սահմանների պահպանումն է. քանի որ զույգի մեջ կա ինչ-որ բան զիջելու և հարմարվելու կարիք, ուստի պետք է հստակ գիտակցել որտեղ է ավարտվում քո սահմանը և սկսվում դիմացինինը։ Հաճախ նախկին հարաբերությունների փորձը նույնպես ազդում է, հատկապես, եթե եղել են մի քանի անհաջող փորձեր։ Եվ երբ անկախության ցանկությունն ավելի ուժեղ է լինում, շատերը խուսափում են հարաբերություններից և կատարում միայնակ մնալու գիտակցված ընտրություն», - ասաց նա։
Զրույցի վերջում հոգեբանը խորհուրդ տվեց կենտրոնանալ ինքնազարգացման և անհատականության աճի վրա, դառնալ ավելի շրջահայաց, չճնշել սեփական «ես»-ը կպչուն հարցերով և արհեստականորեն մատուցվող «մենակության սինդրոմով»։
«Այժմ շատ սովորական է ամբոխի մեջ միայնակ զգալը: Մարդը կարող է զգալ միայնակ և մեկուսացված՝ լինելով ընկերների շրջապատում, զուգընկերոջ հետ կամ սիրելի խմբի համերգին։ Մարդիկ կարող են երկար ապրել միասին, բայց միայնակ լինել զգացմունքների և կյանքի համոզմունքների մակարդակում», - զրույցն ամփոփեց Լիլիթ Համբարձումյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։