30/12/2022 19:39
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կկնքվի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ բանակցում են
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2023 թվականի առաջին կեսին, իսկ Եգիպտոսի հետ համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են, հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։
«Ցանկանում ենք, որ Իրանի հետ համաձայնագիրը 2023-ի առաջին կեսին ստորագրվի, որպեսզի կարողանանք անմիջապես սկսել վավերացման ընթացակարգերը։ Համանման աշխատանք ենք տանում Եգիպտոսի հետ։ Բանակցությունների 5 փուլն անցնելուց հետո հասել ենք ավարտական փուլին»,- ՏԱՍՍ-ին ասել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ում ցանկանում են նաև Հնդկաստանի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել, սակայն բանակցությունները դեռ սկզբնական փուլում են։
«Ենթադրում ենք, որ 2023 թվականի ընթացքում կհստակեցվեն Հնդկաստանի հետ երկխոսության դրույթները, ինչը մեզ թույլ կտա առաջ շարժվել Հնդկաստանի հետ բանակցությունների գործընթացում։ Այդ երկիրն իրենից հսկայական, աճող շուկա է ներկայացնում։ Անխոս, ամեն ինչ պետք է արվի, որ հնդկական բիզնեսն իրեն հարմարավետ զգա եվրասիական տարածքում, ինչը կնպաստի նաև նրան, որ մեր ընկերությունները ևս հաջողությամբ գործեն հնդկական շուկայում»,- ասել է Մյասնիկովիչը։