30/12/2022 17:58
Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու հարցում առաջընթացի բացակայությամբ և շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ․ Զախարովա
Ռուսաստանը մտահոգված է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի համար Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայությամբ, նշված է Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
«Ռուսական կողմը, մասնավորապես, ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Ընդգծում ենք, որ հենց ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման հարցում, ինչը նշվել է նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ։
Ռուս խաղաղապահներին ուղղված ցանկացած հրապարակային թիրախավոում կամ նրանց նկատմամբ ցանկացած սադրանք դիտարկում ենք որպես անընդունելի և կանխամտածված գործողություն, ինչը շոշափելի վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։
Բաքվին և Երևանին կոչ ենք անում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության բոլոր դրույթները։
Գտնում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար։ Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցի շուրջ։
Կողմնակից ենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ շարքի համակողմանի իրականացմանը՝ բարձր մակարդակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում։