30/12/2022 20:20
2022 թվականին ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի անկումը կկազմի 2-2,5 տոկոս․ Մյասնիկովիչ
2022 թվականին ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի անկումը կկազմի 2-2,5 տոկոս, հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
«Կանխատեսումներ անելը ռիսկային բան է, բայց մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կարծում ենք, որ մի շարք վարկանիշային գործակալությունների և ֆինանսական միջազգային կազմակերպությունների ենթադրություններն, ըստ որոնց ՌԴ, Բելառուսի և ամբողջ ԵԱՏՄ-ի տնտեսական անկումը 5-7, նույնիսկ 10 տոկոս կկազմի, չեն իրականացել։ Կարծում եմ, որ եթե ՀՆԱ-ի անկում լինի, ապա այն 2-2,5 տոկոս կկազմի՝ 2021 թվականի համեմատ»,- Մյասնիկովիչի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
ԵՏՀ կոլեգիայի նախագահը հավելել է, որ ԵԱՏՄ-ն արևմտյան պատժամիջոցներին արձագանքել է՝ անցում կատարելով ազգային արժույթներով հաշվարկներին։
«Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտուրը, ինչպես նաև պատժամիջոցների տակ չգտնվող ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Ռուսաստանի և Բելառուսի առևտուրն իրականացվում է ռուսական ռուբլու հիմքով։ Այս սխեման մշակելիս մենք որոշակի դժվարությունների բախվեցինք, որոնք կապված էին բանկերի, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ երկրորդային պատժամիջոցների ռիսկի հետ»,- ասել է Մյասնիկովիչը։