31/12/2022 11:22
Մարդիկ իրենց մեջ մեծ ուժ ունեն, սա էլ կհաղթահարեն, բայց բոլորի մոտ մեկ «բայց» կա՝ ի՞նչ կլինի հետո․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Արցախցիների գլխավոր մտահոգություններն այդքան պարենի, վառելիքի ու դեղորայքի հետ կապված խնդիրները չեն, որքան ապագայի նկատմամբ անորոշությունը։
Շրջափակման հետևանքով արցախցիները մեծ դժվարությունների առաջ են կանգնած՝ դրանք որևէ մեկին չեն շրջանցել։
Անհարմարություններ, լուրջ անհանգստություն, հիասթափություն, նյարդային իրավիճակ և, իհարկե, այս ամենը հաղթահարելու կամային մեծ հատկանիշներ։
Բայց կրկնում եմ՝ մարդիկ իրենց մեջ մեծ ուժ ունեն՝ սա էլ կհաղթահարեն, բայց բոլորի մոտ մեկ «բայց» կա՝ ի՞նչ կլինի հետո։
«Հետո»-ն անորոշ է առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական, առավելապաշտական քաղաքականության և Հայաստանում հաստատված օտար շահեր սպասարկող իշխանությունների ֆոնին։
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ առաջացած բարդությունների հիմքում միայն փակ միջանցը չէ, այն Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի առանցքային, սակայն միակ բաղադրիչը չէ։
Միջանցքի փակումն Ադրբեջանի համար միջոց է՝ արագացնելու Արցախի հայաթափման գործընթացը, գլոբալ առումով՝ հանձնման պրոցեսը վերջնակետին հասցնելու համար։
Այս ճանապարհին Ադրբեջանը փորձելու է նոր զիջումներ ստանալ նաև Հայաստանի հաշվին՝ միջանցք, ՀՀ-ից բռնազավթված տարածքների լեգիտիմացում, ապառազմականացում և այլն։
Յուրաքանչյուր օրը հայկական շահերի դեմ է աշխատում, իսկ այս վտանգավոր գործընթացը կանգնեցնելու որևէ լուրջ քայլ իշխանությունը չի իրականացնում, ավելին՝ պատերազմի շանտաժի ներքո հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների»։