03/01/2023 16:33
Արյան բարձր ճնշումը կարգավորող հիմնական գործոնները. Ինչի՞ց սկսել
Մարդկանց շուրջ մեկ երրորդն ունի արյան բարձր ճնշում։ Արյան բարձր ճնշումը կամ հիպերտենզիան (գերճնշում) չափազանց տարածված վիճակ է, և հաճախ չի ուղեկցվում որևէ ախտանիշով։ Միակ ճանապարհը զարկերակային ճնշումը չափելն է՝ իմանալու այն նորմայից բարձր է, թե ոչ։
Արյան բարձր ճնշումը բարձրացնում է սրտամկանի սուր ինֆարկտի կամ ինսուլտի ռիսկը, ուստի չի կարելի անտարբերություն դրսևորել, եթե հայտնաբերվում է հիպերտենզիա:
Առողջ ապրելակերպի հիմք կազմող սովորությունները կարող են մեծապես օգնել զարկերակային ճնշումը նորմայի միջակայքում պահելու համար։
Տարբեր ուղեցույցներում խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն 5 օր և յուրաքանչյուր օր առնվազն 30 րոպե լինել չափավոր ծանրաբեռնվածությամբ ֆիզիկապես ակտիվ։ Խոսքը միայն արհեստական և հոգնեցուցիչ ֆիզիկական վարժանքների մասին չէ։ Կարելի է պարզապես զբոսնել, պարել, հեծանիվ վարել, լողալ և այլն։
Ֆիզիկական ակտիվության հետ մեկտեղ առողջ սննդակարգն իր հերթին կարող է նվազեցնել արյան բարձր ճնշումը։
Կարևոր է յուրաքանչյուր օր սննդակարգում ներառել հետևյալ հինգ խմբերում ներառված սննդամթերքները՝
տարբեր տեսակի և գույնի բանջարեղեններ և լոբազգիներ,
մրգեր,
հացահատիկային մթերքներ,
անճարպ միս և ձկնեղեն, ձու, ընկուզեղեն, ոլոռ,
ցածր յուղանյության կաթ, յոգուրտ, պանիր և դրանց այլընտրանքները,
խմել մեծ քանակությամբ ջուր,
սահմանափակել հագեցած ճարպերով, լրացուցիչ կերակրի աղով և շաքարով սննդամթերքները, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը։
Ֆիզիկապես ակտիվ առօրյան և առողջ սննդակարգը կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Գիրությունը մեծացնում է արյան բարձր ճնշման ռիսկը, ուստի շատ կարևոր է, որ մարմնի քաշը լինի նորմայի սահմաններում։
Ծխախոտի ծխում առկա նիկոտինը կարող է ժամանակավորապես բարձրացնել արյան ճնշումը, իսկ ծխելն ինքնին՝ ավելացնել սրտային հիվանությունների ռիսկը։ Ուստի, դադարեցնելով ծխելը, նվազեցնում եք նաև այս ռիսկը, որը զարկերակային հիպերտենզիայի պայմաններում ստանում է առանձնահատուկ կարևորություն։
Որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում ապրելակերպի առողջացման հետ մեկտեղ օգտագործել արյան ճնշումը նվազեցնող՝ հակահիպերտենզիվ կամ հակագերճնշումային դեղեր։ Շատ կարևոր է այն, որ այդ դեղերը նշանակվեն բժշկի կողմից, իսկ հիվանդը նշանակումներին հետևի ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։
Որոշ դեպքերում հակագերճնշումայինից բացի բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր՝ ուղղված սրտանոթային ռիսկի այլ գործոնների ազդեցության մեղմացմանը (արյան խոլեսթերինի մակարդակի կարգավորում), ինչպես նաև ուղեկցող առողջական խնդիրների բարելավմանը (սրտի իշեմիկ հիվանդության բուժում և այլն):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։