04/01/2023 17:43
Ճարպային հեպատոզ. Հիվանդության ազդեցությունը լյարդի վրա
Ճարպային հեպատոզը լյարդի քրոնիկ և անդառնալի ախտարահումն է, երբ լյարդային բջիջները վերածվում են ճարպային հյուսվածքի։
Ճարպային հեպատոզի մյուս ավանումներն են՝ լյարդի ճարպակալում, ստեատոզ, լյարդի ոչ ալկոհոլային ստեատոզ։
Ճարպային հեպատոզը բավականին հաճախ հանդիպող հիվանդություն է։ Այն ավելի հաճախ զարգանում է դիաբետով կամ ավելցուկային քաշով մարդկանց մոտ։
Լյարդը մարդու ամենամեծ օրգանն է։ Այն մասնակցում է սննդի մարսողությանը և նյութափոխանակության արգասիքներից արյան զտմանը։ Առողջ լյարդը կարող է ընդհանրապես ճարպ չպարունակել։ Ալկոհոլային խմիչքներ կամ մեծ քանակով սնունդ ընդունելու դեպքում, օրգանիզմն այս «ավելցուկային» կալորիաները փոխակերպում է ճարպի, որոնք պահեստավորվում են լյարդային բջիջներում։
Բազմաթիվ մարդկանց մոտ «ճարպակալված» լյարդը կարող է որևէ զգալի առողջական խնդիր չառաջացնել։ Սակայն այլ մարդկանց մոտ ավելցուկային ճարպը բերում է լյարդի բորբոքման և տարիների ընթացքում ցիռոզի, որն արդեն ծանր հիվանդություն է։ Լյարդի ցիռոզն իր հերթին քիչ թվով մարդկանց մոտ կարող է վերաճել լյարդի քաղցկեղի։
Ճարպային հեպատոզը կարող է լինել ալկոհոլի չարաշահման նշաններից մեկը, սակայն, որպես կանոն, ալկոհոլի օգտագործման հետ կապ չունի և նման դեպքերում կոչվում են ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզ։ Շատ հաճախ ճարպային հեպատոզն առողջական այլ խնդիրների, օրինակ՝ դիաբետի կամ մետաբոլիկ համախտանիշի նշաններից մեկն է հանդիսանում։
Ճարպային հեպատոզով մարդկանց մոտ բարձրանում է սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ռիսկը։ Եթե հեպատոզի ախտորոշումն ուշացած չէ, հաճախ հնարավոր է լինում որոշակիորեն դանդաղեցնել կամ ընդհանրապես կանգնեցնել լյարդի բորբոքային ախտահարումը և նվազեցնել վերջինիս հետ կապված առողջական հետևանքների հավանականությունը։
Ճարպային հեպատոզն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն՝
արյան բարձր ճնշում (հիպերտենզիա),
արյան բարձր խոլեսթերին և բարձր տրիգլիցերիդներ,
դիաբետ,
ավելցուկային քաշ կամ գիրություն, հատկապես՝ որովայնի շրջանում։
Կանանց մոտ ճարպային հեպատոզը կարող է զարգանալ որպես ուշ հղիության բարդություն։
Վերջին տասնամյակների ընթացքում ճարպային հեպատոզն ավելի հաճախ է սկսել հանդիպել արևմտյան երկրներում, որն ուղիղ համեմատական է սննդում առկա շաքարի և ճարպերի ավելցուկային օգտագործման հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։