04/01/2023 18:56
Կիֆոզ. Ողնաշարի քրոնիկ հիվանդության ընդգծված կողմը
Կիֆոզը ողնաշարի կորությունն է՝ ուղղված դեպի առաջ. ուռուցիկ թեքությունը, որն արտահայտվում է մեջքի խոնարհված կեցվածքով (կուզ):
Նորմայում ողնաշարի կրծքային հատվածն ուղիղ դիրքում ունի թեթևակի թեք (կիֆոտիկ)` 20-45 աստիճան անկյուն: Կիֆոզ (կամ հիպերկիֆոզ) է ախտորոշվում, երբ այդ թեքությունը գերազանցում է 45 աստիճանը։
Ողնաշարի ախտաբանական այս ձևափոխումը կարող է զարգանալ բոլոր տարիքներում, սակայն առավել տարածված է մեծ տարիքի կանանց շրջանում՝ որպես ողնաշարի դեգեներատիվ խնդիրների հետևանք:
Տարիքով պայմանավորված կիֆոզը հաճախ առաջանում է ողնաշարը կազմող ոսկրերի՝ ողերի թուլացման արդյունքում, որի պատճառով դրանք սեղմվում կամ ճաքում են: Կիֆոզի այլ տեսակները կարող են ի հայտ գալ նորածինների կամ անչափահասների մոտ (բնածին կիֆոզ), երբ դեռևս ներարգանդային կյանքում ողնաշարը ճիշտ չի ձևավորվում, որը հետագայում երեխայի զարգացմանը զուգընթաց հանգեցնում է կիֆոզի:
Թեթև կիֆոզը սովորաբար քիչ խնդիրներ է առաջացնում, մինչդեռ ծանր կիֆոզը կարող է ուղեկցվել հյուծիչ ցավերով և բերել կեցվածքի լուրջ ձևափոխման ու անհարմարությունների, շնչառական, սրտային, մարսողական և այլ բարդությունների:
Կիֆոզի բուժումը կախված է հիվանդի տարիքից, պատճառից և կիֆոտիկ ծռումների ազդեցություններից: Կիֆոզի ծանր դեպքերում կարող է առաջանալ ողնաշարի վիրահատության անհրաժեշտություն, որը ունակ է որոշակիորեն վերականգնել ծռվածության բնականոն աստիճանը։
Առողջ ողնաշար կազմող առանձին ոսկերը՝ ողերը գլանաձև ոսկրեր են, որոնք համաչափ դասավորված են միմյանց վրա:
Կիֆոզը զարգանում է, երբ ողնաշարի վերին մասի ողերի դասավորությունը դառնում է ախտաբանական թեքված, որի պատճառով ողնասյան հատվածները լիովին կամ մասնակիորեն կորցնում են գոտկային ուրվագիծը, որն էլ առաջացնում է մեջքի խոնարհում և կոր կեցվածք։
Ողերի այսպիսի ախտահարումը կարող է ունենալ տարբեր պատճառներ.
Կոտրվածքներ. Կոտրված կամ ճաքած ողերը կարող են առաջացնել ողնաշարի կորացում: Թեթև սեղմված կոտրվածքները հաճախ որևէ նշանակալից գանգատի կամ ախտանիշի չեն բերում:
Օստեոպորոզ. Ոսկրերը հյուծող այս հիվանդությունը կարող է բերել ողնաշարի ծռումների, հատկապես, եթե թուլացած ողերը հանգեցնում են սեղմված կոտրվածքների:
Միջողնային սկավառակի դեգեներացիա. Ողերի միջև գտնվող փափուկ կլորավուն սկավառակները գործում են որպես բարձիկներ՝ ապահովելով քիչ շարժունակություն և ողնաշարի ճկունություն: Տարիքի հետ դրանք չորանում և կնճռոտվում են, որը հաճախ վատթարացնում է կիֆոզը:
Համախտանիշներ. Երեխաների մոտ կիֆոզը կարող է կապված լինել նաև որոշ համախտանիշների հետ, օրինակ՝ Էհլեր-Դանլոսի համախտանիշ կամ Մարֆանի համախտանիշ:
Քաղցկեղ. Մեջքում տեղակացված քաղցկեղը կարող է թուլացնել ողնաշարը և բարձրացնել կոմպրեսիոն կոտրվածքների հավանականությունը: Նույնը վերաբերվում է քաղցկեղի բուժումներին՝ քիմիոթերապիային և ճառագայթային բուժմանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։