04/01/2023 11:40
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ. Լեմկինի ինստիտուտ
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը և տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ցեղասպանության հետ: Զեկույցում տեղ են գտել նաև Հայաստանը և Արցախը:
«Չնայած արտաքին աշխարհն արագ արձագանքեց՝ վերջ դնելու Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, սակայն Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառակուսի կիլոմետրը, ինչպես նաև Արցախի կարևոր հատվածները, այդ թվում՝ Շուշի քաղաքը, դեռ օկուպացված են Ադրբեջանի կողմից», - նշվում է զեկույցում:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները և միևնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժողականության բաստիոն», - գրում են Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ:
Ինստիտուտն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հզոր երկրները, ինչպես նաև Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին: