05/01/2023 16:52
Վիտամին B12-ով հարուստ սննդամթերք. Ինչն է օգնում օրգանիզմին մնալ առողջ և դինամիկ
Վիտամին B12-ը արյան, գլխուղեղի և նյարդային համակարգի նորմալ գործունեության համար անփոխարինելի հավելանյութ է։
Այս վիտամինի անբավարարությունը առաջացնում է հոգնածություն և ինքնազգացողության վատացում։ Սննդակարգում ավելացնելով միս և կենդանական սննդամթերքներ, կարելի է խթանել վիտամին B12-ի մակարդակի բարձրացումը օրգանիզմում։
Օրգանիզմն օգտագործում է վիտամին B12-ը արյան կարմիր գնդիկների՝ էրիթրոցիտների ստեղծման և հյուսվածքների վերականգնման համար։ Այս վիտամինը կարևոր դեր է խաղում նաև նյարդերի առողջ վիճակը պահպանելու գործում։
Վիտամին B12-ի անհրաժեշտ քանակներ չունենալու դեպքում, կարող է զարգանալ սակավարյունություն՝ արյան էրիթրոցիտների քանակի պակաս (անեմիա)։ Վիտամին B12-ի պակասը կարող է նաև բարձրացնել նեյրոպաթիայի ռիսկը, երբ նյարդային ախտահարումը առաջացնում է ձեռքերի և ոտնաթաթերի ծակծկոցների և թմրածության զգացողություն։
Վիտամին B12-ի պակասի ախտանիշները ներառում են՝
ընդհանուր թուլություն ու հոգնածության զգացում,
գլխապտույտ, սրտազարկի հաճախացում, հեշտ արյունահոսում,
մարմնի կշռի կորուստ, աղիների գործունեության խանգարումներ և լեզվի ցավեր ու վերքեր։
Եթե հայտնաբերվում է վիտամին B12-ի պակաս, բժիշկը առաջարկում է սննդակարգի փոփոխություն և, ըստ անհրաժեշտության, վիտամինային հավելումներ՝ հաբերի կամ ներարկման տեսքով։
Վիտամին B12-ի լավագույն աղբյուրը կենդանական սննդամթերքներն են, այդ թվում՝ միսը և մսամթերքը։
Ժամանակակից դիետոլոգիական ուղեցույցներով խորհուրդ է տրվում, կախված տարիքից, օրական ստանալ 1-3 չափաբաժին անճարպ միս, թռչնամիս, ձկնեղեն կամ օգտագործել ձու։
Վիտամին B12 հիմնականում պարունակում են հետևյալ սննդամթերքները՝
կակղամորթեր և փափկամորթեր,
ծովախեցգետին և սաղմոն,
տավարի միս և հավի միս,
ձու (ամբողջական) և կաթ։
Մարդկանց մեծ մասն առողջ սննդակարգով ստանում է վիտամին B12-ի ավելի քան բավարար քանակներ, իսկ պահանջվածից ավելի մեծ քանակով վիտամին B12 ստանալու դեպքում, այն պահեստավորվում է լյարդում և օգտագործվում ավելի ուշ։
Բուսակերները կարող են վիտամին B12 ստանալ կաթնամթերքներից և ձվից, իսկ հումակերների համար բավարար քանակով վիտամին B12 ստանալու միակ ճանապարհն այս վիտամինով հարստացված մթերքներ կամ վիտամինային հավելում օգտագործելն է։ Արժե՞ ստանալ վիտամինային հավելումներ, թե ոչ, կօգնի հասկանալ բժիշկը՝ կատարելով մի շարք ստուգումներ։
Շատ կարևոր է, որպեսզի հղի կամ կրծքով կերակրող բուսակերներն ու հումակերները ստանան վիտամին B12-ի բավարար քանակներ, որպեսզի կրճատվի նորածնի մոտ նույն վիտամինի պակասի ռիսկը։
Վիտամին B12-ի հավելում խորհուրդ է տրվում ստանալ նաև այն դեպքերում, եթե կասկած կա, որ աղիներով վիտամինի ներծծումը խաթարված է (օրինակ՝ մարսողության հետ կապված խնդիրներ, որոշ աուտոիմուն հիվանդություններ)։ Նման դեպքերում բժիշկը կարող է առաջարկել նաև վիտամին B12-ի որոշման արյան հետազոտություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։