05/01/2023 11:35
Հայաստանը հաջորդ շաբաթ կունենա Ներքին գործերի նախարար
Կառավարության որոշմամբ ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ըստ այդմ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե դե յուրե Ներքին գործերի նախարարության ստեղծման փուլում են:
«Հաջորդ շաբաթ արդեն նախարար ու փոխնախարարներ կնշանակենք, մինչ այդ, մենք այս որոշումը կայացնում ենք մեծ պատկերով նախարարության կառուցվածքը հաստատելու համար», - նշեց վարչապետը:
Նա նշեց, թե դեռ չորս ամիս ԱԻ նախարարությունը կշարունակի գոյություն ունենալ՝ նաև այս ընթացքը անցնցում ապահովելու համար:
«Ոստիկանության պետն ու Փրկարար ծառայության պետը կլինեն Ներքին գործերի նախարարի տեղակալներ, ՆԳ նախարարը նաև կունենա երկու տեղակալ՝ քաղաքացիական տեղակալ, որոնցից մեկը կզբաղվի Ոստիկանության ու ներքին գործերի համակարգի ռազմավարությունների մշակմամբ, մյուսը՝ քաղաքացիական մի հատվածի գուծունեության համակարգմամբ», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, թե խնդիր է առաջադրել, որ օր առաջ մեկնարկի ոստիկանության ու փրկարար ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը. աշխատավարձերը կկրկնապատկվեն: