05/01/2023 14:26
Հայ ժողովուրդը, եթե այժմ չհամախմբվի, կկորցնի ոչ միայն պետականությունը, այլև ինքնությունը. Կամո Աթայան
Արդեն 24-րդ օրն է, ինչ իր ազատության ու ինքնիշխանության համար պայքարող Արցախը բանտարկված է բառիս բուն իմաստով: Այո՛, Ադրբեջան հորջորջող խառնամբոխը կարողացել է «քաղաքակիրթ» կոչվող աշխարհից լիազորություն և թույլտվություն ստանալ ու միայն իրեն հատուկ վայրենությամբ փորձում է ճնշել ազգային ազատագրական պայքարը՝ էթնիկ զտումների ենթարկել հայ ժողովրդի տեղի բնիկ հատվածին:
Արցախի միակ թև թիկունքը միշտ Հայաստան պետությունն է եղել՝ տարբեր կարգավիճակներով ու դրանից բխող գործառույթներով, և աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը, որն ավելի քան 11 միլիոն է աշխարհում։
Բայց այսօր, երբ ավելի ընդգծված պետք է լինի Արցախին սատարելու գործընթացը, ՀՀ-ում կառավարության և իշխանության մակարդակով զբաղված են երրորդական, չորրորդական անհրաժեշտության հարցերով՝ նոր նախարարության հիմնադրմամբ, անպտղության հարցի ոչ մասնագիտական քննարկմամբ ու նմանատիպ՝ այս պահի համար կարելի է ասել՝ դատարկաբանություններով: Եթե չեք մոռացել դրանից քիչ առաջ էլ բուհական քաղաք էին կառուցում, բուհեր էին միավորում։
Այն կարծիքն է հաստատվում, որ սկսած իշխանազավթման օրերից, շարունակվում է մի ազգակործան գործընթաց, որի կարևոր կետերից մեկն Արցախի հարցը միանշանակ հօգուտ թուրքադրբեջանական տանդեմի լուծելն է, իսկ դրանից հետո Սյունիքի պլանավորված զավթումը՝ միջանցք անվան տակ և այսպես շարունակ ազգային բոլոր խնդիրներից հրաժարվելը, ասել է թե՝ որպես պետություն և էթնոս իր իսկ բնօրրանից Հային վերացնելը, բնաջնջելը։
Նման իրավիճակում ժողովուրդը, նրա գիտակից ու գործուն մասը պետք է հանուն հետագա գոյության ու լինելիության իրավունքի ոտքի ելնի ու պաշտպանի իր հայրենիքը, իր պատիվը, իր արժանապատվությունը, ի վերջո՝ իր ընտանիքը և բոլոր սրբությունները։
Սա մեր պատմության հերթական Սարդարապատն է, առանց որի պարզապես մեր հետագա գոյությունն անհնարին է։
Իմացեք, հայասպանությունը թուրքադրբեջանական գենի մեջ է ներդրված, ու նրանց կողմից գրավված հայկական հողերի ոչ մի միլիմետր քառակուսին նրանք, եթե նույնիսկ ողջ աշխարհն էլ պահանջի՝ առանց կռվի, առանց արյան հետ չեն տալու: Այնպես որ, նախ մեր Հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողը պետք է ամուր պաշտպանենք ու մտածենք կորցրածը հետ բերելու մասին, այլ ոչ թե խաղաղության մասին սին խոստումներով, հիմնականից ուշադրություն շեղող, բայց ականջահաճո խոսքերով, քայլերով ու նպատակային գործողություններով ավելի թուլացնենք հայ մարդու բնածին ինքնապաշտպանության հատկությունը։
Այնպես որ երկարատև նիրհից դուրս գալ է պետք, դեն նետել է պետք անտարբերության ինքնասպան քողը, վերացնել է պետք միջանձնային թշնամական կապանքները ու պայքարի պետք է ելնել հանուն լինելիության, որտեղ կուսակցական, դասակարգային պատկանելիության հարցեր չկան։
Հապաղելը և հետին թվով բարձրացրած վայնասունն, ամեն ինչ կորցնելուց հետո մեղավորներ փնտրելու մեզ ներհատուկ գործողություններն անիմաստ են լինելու և ոչ մի ազդեցություն չեն ունենալու:
Հ.Գ. Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Մաղթենք, որ Հայ ժողովուրդը կարողանա իրեն ներհատուկ բանականությամբ, համախմբվածությամբ ու բազկի հզոր ուժով լուծել անչափ բարդացած ազգային ու գոյաբանական խնդիրների թնջուկը՝ դրանով իսկ վերահաստատելով այս արևի տակ ապրելու իր իրավունքը։