05/01/2023 12:06
Հայաստանում ցանկացած սպառող կարող է արտադրողից ստանալ էլեկտրաէներգիա. նախկինում կարող էր միայն ՀԷՑ-ից
Հայաստանում ցանկացած սպառող կարող է արտադրողից ստանալ էլեկտրաէներգիա. նախկինում միայն ՀԷՑ-ից կարող էր, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը որոշում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմա ցանկացած սուբյեկտ կարող է գնալ, պայմանավորվել արտադրողի հետ, ու գնի հետ ՀԾԿՀ-ն արդեն որևէ դերակատարություն չունի»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ հարց կառաջանա՝ ո՞նց է էլեկտրաէներգիան հասնելու սպառողին:
«Մենք ՀԷՑ-ի վրա դրել ենք պարտավորություն, որ ինքը պարտավոր է գնված էլէներգիան որոշակի սակագներով տեղափոխել ու հասցնել, խոչընդոտելու իրավունք չունի»,- ասաց նա:
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, թե էլէներգիայի բաշխումը ու փոխադրումը իրականացնում է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը, որը բացառիկ իրավունք է, ինչը բնական մենաշնորհ է:
«Գործելու են կարգավորվող գներ, բոլորն իրավունք ունեն օգտվելու, ՀԷՑ-ը չի կարող մեկին մատուցել, մեկին՝ ոչ»,- ասաց Բաղրամյանը: