05/01/2023 17:48
Արցախում բոլորը պատրաստ են դիմակայել զրկանքներին, միայն թե ՀՀ իշխանությունը զիջումների չգնա. Անուշ Շահրամանյան
Արցախի շրջափակման 25-րդ օրն է։ Aysor.am-ը զրուցել է Արցախում ապրող փաստաբան Անուշ Շահրամանյանի հետ։
«Իրավիճակն օրեցօր բարդանում է, խանութները դատարկվել են, երեխաները մնացել են առանց կենսական անհրաժեշտության՝ սննդի, խնամքի, հիգիենայի պարագաների, դեղատներում չկան ջերմիջեցնող դեղամիջոցներ, մեծահասկաների՝ ամենօրյա օգտագործման զարկերակային ճնշում կարգավորող դեղորայքը նույնպես սպառվել է, այնուամենայնիվ, մարդիկ օրվա սնվելու հարցը կարողանում են կարգավորել, տեղի կաթնամթերքի գործարանները մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում են, մեծ հերթեր են գոյանում։ Չնայած սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների պակասին՝ մարդկանց ամենից շատ անհանգստացնում է անորոշությունը»-ասում է Անուշը։
Փաստաբանը ցավով շեշտում է՝ ակնհայտ է, որ ՀՀ իշխանության համար շրջափակված Արցախը օրակարգային չէ. հակառակի մասին փաստող քայլեր, գործողություններ չկան։ Ասում է՝ չնայած դժվարություններին՝ արցախցիները մարտական են տրամադրված, պատրաստ են բոլոր զրկանքները հաղթահարելու, միայն թե ՀՀ իշխանությունը զիջումների չգնա. չլինի, թե սովից փրկելու համար զիջումների գնան ու դա փրկություն ներկայացնեն։
Անուշ Շահրամանյանը իրավիճակից հնարավոր ելք համարում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները․ «Առանց զիջումների ճանապարհը բացել կհաջողվի միայն միջազգային պատշաճ ճնշումների դեպքում, մինչդեռ ՀՀ-ն անգամ բավարար միջոցներ չի ձեռնարկում միջազգային հարթակներում Արցախի հարցը օրակարգային դարձնելու համար. պատշաճ մեդիաարշավ չի իրականացվում։ 120 000 մարդ սովամահ լինելու վտանգի առջև է, 30000 երեխա զրկված է տարրական պայմաններից»։
Շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ Անուշի քրոջ երեխաները զրկված են հայրիկին տեսնելու հնարավորությունից. ընտանիքի հայրը մնացել է ճանապարհի մյուս կողմում։ Անուշն ասում է՝ առանց չափազանցնելու, Արցախում երեխաներն ամեն ինչ հասկանում են, բոլոր դժվարությունները մեծահասակների հասունությամբ են ընդունում․
«Չնայած երբեմն անհաղթահարելի թվացող դժվարություններին՝ մարդիկ կատակում են, սոցցանցերով փորձում քաջալերել միմյանց. մենք առավել, քան պատրաստ ենք դիմակայելու, բայց պիտի հասկանալ՝ որքան։ Ինչպիսի կայուն հոգեվիճակ էլ ունենաս, խանութների տեսարանը վախեցնող է»։
Անուշն ասում է՝ այս օրերին միայն խաղալիքների խանութներն են մարդաշատ, թեև Ամանորի գիշերվանից հետո այդ խանութներն էլ կիսադատարկ են։
Անուշը հաստատակամ է՝ չնայած անելանելի թվացող իրավիճակին՝ արցախցիները պիտի շարունակեն հավատալ պայքարի արդյունավետությանը․ «Այո, հիմա մեծ երազանք է դարձել Արցախի ճանաչումը, բայց այդ երազանքից հրաժարվելը կնշանակի սպասարկել թշնամու օրակարգը»։