05/01/2023 15:35
Միայն քաղաքական գնահատականներով չես պաշտպանի պետության անվտանգությունը․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն անիրատեսական է համարում Ադրբեջանին միայն քաղաքական հայտարարություններով զսպելը։
«Ագրեսորին զսպում են նախևառաջ զենքով, ոչ թե «քաղաքական ու դատապարտող» թղթի կտորով։ Եթե քաղաքական հայտարարությունները կամ «թղթի կտորներն» առանցքային նշանակություն ունենային, ապա այսօր ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը Թուրքիան չէր օկուպացնի։
Ըստ ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Զասի՝ 2022-ի աշնանը Հայաստանին առաջարկվել է շատ ռեալ ռազմական օգնություն: Փաստաթուղթը կապիտուլյանտը չի ստորագրել, որովհետև, իբրև թե, ձևակերպումներում ՀԱՊԿ-ը չի համաձայնել Ադրբեջանին որպես ագրեսոր հայտարարել։
Սրանց համար քաղաքական հայտարարությունը կամ շատ հաճախ թղթի կտորը ռազմական ռեալ օգնությունից կարևոր է։
Ես շնորհակալ եմ և՛ Ֆրանսիայի օրենսդիր մարմնին, և՛ Ադրբեջանի ագրեսիան դատապարսող բոլոր միջազգային կառույցներին, բայց դրանք տեղում՝ «գետնի վրա» խնդիր չեն լուծում։ Խնդիր լուծում են տեղում բանակ ու ռազմական ուժ ունեցողները։ Ու երբ հրաժարվում ես քեզ տրամադրվող ռազմական օգնությունից, ուղիղ ճանապարհ ես հարթում ադրբեջանական նոր ագրեսիայի համար։
Հ.Գ. Պատմությունը հուշում է, որ 1920-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնը հայտնի իրավարար հայամետ վճիռն էր ստորագրում, բայց այդ ժամանակ թուրքական բանակը Ալեքսանդրապոլ էր մտնում ու շարժվում դեպի Երևան։
Ինչպես միայն կենացներով չես կերակրի նորապսակներին, այդպես էլ միայն քաղաքական գնահատականներով չես պաշտպանի պետության անվտանգությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։