05/01/2023 17:12
ԱՄՆ նախագահը պետք է զերծ մնա հայտարարություններից, որոնք քաղաքականացնում են Covid-19-ի համավարակը․ Չինաստանի ԱԳՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է զերծ մնա հայտարարություններից, որոնք քաղաքականացնում են Covid-19-ի համավարակը, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ արձագանքելով Չինաստանում հակահամաճարակային միջոցառումների մեղմացումից հետո ԱՄՆ նախագահի արտահայտած մտահոգություններին, համաձայն որոնց կորոնավիրուսի դեմ պայքարում Պեկինի քաղաքականությունը «անհանգստությունների տեղիք է տալիս»։ Բայդենը հայտարարել է նաև, որ Չինաստանից ԱՄՆ ժամանողներին ստուգելու են՝ համոզվելու համար, որ նրանք Covid-19-ով հիվանդ չեն։
«Անհրաժեշտ է զերծ մնալ հայտարարություններից, որոնք քաղաքականացնում են համավարակը։ Շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է գիտական մոտեցում ցուցաբերի, հակաքովիդային միջոցառումներ կիրառի, բայց դրանք չդարձնի կոնկրետ այս կամ այն պետության դեմ ուղղված միջոց»,- շեշտել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Մաո Նինը հավելել է, որ Չինաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրում է երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները, բացի այդ, Չինաստանում նոր շտամեր չեն հայտնաբերվել։
Նշենք, որ 2022 թվականի ավարտին Չինաստանում հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են, ինչից հետո, սակայն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ճապոնիան, ԵՄ երկրները Չինաստանի քաղաքացիներին պարտավորեցրել են իրենց տարածք մուտք գործելուց առաջ պարտադիր ՊՇՌ թեստ հանձնել։
Ի պատասխան՝ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պեկինը համարժեք կպատասխանի այն երկրներին, որոնք Չինաստանի քաղաքացիների մուտքը միտումնավոր սահմանափակում են՝ հակահամաճարակային պրոֆիլակտիկ միջոցառումների պատրվակով։