05/01/2023 12:13
Սերժ Թանկյանը բոլորին կոչ է արել համախմբվել հանուն Արցախի
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:
Facebook սոցիալական ցանցում Թանկյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասին և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանին, որոնք պաշտոնական գրությամբ դիմել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին: Նամակի մասին ավելի վաղ տեղեկացրել էր նաև «Արմենպրես»-ը:
Instagram-ի, Facebook-ի և Twitter-ի իր էջերում աշխարհահռչակ երաժիշտը կոչ է արել բոլորին իրենց սոցիալական էջերում տարածել Արցախի դրոշը՝ ի նշան արցախահայերի աջակցության, որոնք «Ադրբեջանի բռնապետի կողմից անօրինական շրջափակման պատճառով հայտնվել են հումանիտար աղետի շեմին»:
«Մինչ Ադրբեջանի կողմից ցեղասպանական շրջափակումը շարունակվում է 24 օր, Արցախի հայկական Հանրապետությունը և նրա քաղաքացիները զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից և պարենից: Տարածե՛ք այս դրոշը՝ ի աջակցություն Արցախի: Ալիևը և Ադրբեջանի կառավարությունը չեն ցանկանում, որ գոյություն ունենան այս դրոշը և այն ներկայացնող մարդիկ, այնպես որ, տարածե՛ք այն: Տարածե՛ք իրազեկություն, կրթե՛ք, կազմակերպե՛ք և համախմբվե՛ք՝ հանուն Արցախի: Գործողություննե՛ր ձեռնարկեք Ալիևի՝ էթնիկ զտման վերջին ջանքերի դեմ», - նշված է գրառման մեջ: