05/01/2023 10:29
Ահազանգ․ անկած ձկներ են վաճառվում․ «Ժողովուրդ»
Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի, Գյումրիի եւ Էջմիածնի փողոցներում մաքրած եւ փորոտիքը հանած ձկներ են վաճառվում՝ բավականին ցածր գնով: Քաղաքացիների պատմելով, «Իշխան» տեսակի մաքրած ձկան մեկ կիլոգրամը տատանվում է 1200-1500 դրամի սահմաններում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կան նաեւ տնտեսվարողներ, որոնք անկած ձկները լցրել են սառնարանները եւ կամաց-կամաց իրացնում են: Որոշ տեղերում վաճառողները քաղաքացիներին համոզում են, որ ձկներն անկել են հոսանքահարվելու պատճառով: Իսկ որոշ տնտեսվարողներ անկած ձկները թաղել են հողի տակ: Օրինակ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանի համոզմամբ, դրանք անկած ձկներն են, որոնք տնտեսվարողները ինչ-որ ձեւով փորձում են սպառել ներքին շուկայում՝ փորձելով կրած վնասները ծածկել.
Իսկ ահա ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ հայտնի է, թե ինչ հիվանդությունից են անկել ձկները, և այն հիվանդությունը, որը հայտնաբերվել է, մարդկանց համար անվնաս է: Բայց մյուս կողմից, կան տնտեսություններ, որոնց տասնյակ տոննաներով ձկներն անկել են:
Ձկնաբուծությամբ զբաղվող այդ տնտեսությունները խոշոր չափի վնասներ են կրել, բայց այս մասին լռում են էկոնոմիկայի նախարարությունում. այսինքն տնտեսվարողներին փոխհատուցում տալու մասին անգամ չի քննարկվում: