05/01/2023 18:30
Քրիստոսի Ծննդյան ավետիսը լույս է, որը բոլորիս տներում պիտի վառվի
Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։
«Այսօր կատարվում են մարգարեների կանխասացությունները, թե ծնվելու է մի Մանուկ, Ով իր գալստյամբ փոխելու է աշխարհը՝ մաքրելով այն մեղքերից։ «Իմ անունից երկյուղ կրողների համար արդարության արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ» (Մաղ. 4:2)- գրում է Մաղաքիա մարգարեն։ Իսկ Բարուքը գրում է, Երեմիայի խոսքերի համաձայն, թե Աստված Բարձրյալ երկրում կհայտնվի և մարդկանց մեջ կշրջի (Բարուք 3:38):
Քրիստոսի Ծննդյան ավետիսը մի լույս է, որը բոլորիս տներում պիտի վառվի։ Զուր չենք այսօր եկեղեցուց ճրագներ տանում մեզ հետ տուն՝ փոխանցելու ամենքին, որ ծնվել է Նա, որի գալստյամբ նոր Լույս է բացվել։
Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր լույսով՝ Բեթղեհեմի երկնքում հայտնված աստղի միջոցով (այսօր երեկոյան եկեղեցուց բերված ճրագները, բացի աստվածային լույսից ու օրհնությունից, խորհրդանշում են նաև այս աստղը): Երբ Հիսուս ծնվեց, տեսնելով աստղը՝ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որպեսզի երկրպագեն նրան: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Ուստի՝ Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:
Քրիստոսի ծննդյան այս բարի լուրի մասին առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Եվ հովիվները առաջինը արժանի եղան խոնարհվելու Նրան:
Ադամական մեղքից մաքրագործման համար լույս աշխարհ եկավ Քրիստոս՝ Փրկիչը, և նրա զոհաբերման և փրկագործման ուղին էլ հենց սկսվում է Նրա մարդեղությամբ՝ ծնունդով Սուրբ Կույսից։
Ուրեմն՝ թող որ Քրիստոսի Ծննդյան Լույսը՝ աստվածային օրհնությամբ հայտնվի բոլորիս տներում՝ վառված ճրագների տեսքով։ Եվ թող որ միմյանց ավետենք՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։