06/01/2023 14:41
Սա սովորական շրջափակում չէ, սա թուրքադրբեջանական տանդեմի կողմից ազգային ազատագրական պայքարի ճնշման ձևերից մեկն է, որի նպատակը ցեղասպանությունն է. Աթայան
Արդեն լրանում է Արցախի՝ ՀՀ-ի և աշխարհի հետ կապի միակ, Լաչինի միջանցքի շրջափակման 26-րդ օրը: Համոզված կարելի է ասել, որ սա իրոք սովորական շրջափակում, կամ հերթական ակցիա չէ: Այն, ինչ որ արդեն մոտ մեկ ամիս տեղի է ունենում թուրքական մարդասպան, հայասպան ձեռագրի նոր էջն է, և ինչպես նկատելի է՝ աշխարհում դրա վերաբերյալ խորը ըմբռնում ու հակաքայլեր չկան: Ուրեմն մենք պետք է մտածենք ու գործենք ավելի բարդացող՝ ճգնաժամային իրավիճակին համապատասխան:
Ինչպես կարելի է լուծել ապաշրջափակման հարցը, այսօրվա գերխնդիրը սա է.
Լուծման առաջին տարբերակը, բնականաբար, բանակցություններն են, որոնք կարող են լինել բազմավեկտոր՝ ՌԴ-Ադրբեջան,ՀՀ-Ադրբեջան,Արցախ - ՌԴ-Ադրբեջան, ՄԱԿ-ի խողովակներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և այն: Հավանաբար դրանք ընթացել են, ընթանում են և առայսպահ անարդյունավետ են:
Երկրորդ տարբերակը օրենքի ուժով ճանապարհը բացելու տարբերակն է, որը պետք է արվեր առավելագույնն առաջին շաբաթվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով այն չի կատարվել: Անկասկած, այստեղ ՌԴ-ի դերակատարումը մեծ է, ու բլոկադայի ժամկետների աճումը միանշանակ բացասական է ազդում նրա խաղաղապահ կարգավիճակի և հեղինակության վրա: ՄԱԿ-ի մանդատով, իհարկե, հենց գործունեության սկզբում պետք էր օժտել խաղաղապահներին, սակայն դա անգործության միակ պատճառը չէ: Այստեղ իհարկե՛ արժե մտածել օդային ճանապարհի գործարկման մասին, երբ տեղում բոլոր ինֆրակառույցները պատրաստ են դրան: Բայց արի ու տես՝ կրկին Ադրբեջանի արգելքն այստեղ ևս չեն կարողանում հաղթահարել…
Երրորդ ուղին, որին մեր պարագայում ապավինելը դժվար է, դա քաղաքակիրթ աշխարհի կողմից դրսևորված համերաշխությունն է շրջափակման մեջ գտնվող արցախցիներին և ասենք նման հուժկու ճնշման տակ ճանապարհի ապաշրջափակումը…
Ինչպես տեսանելի է, այդ գործընթացը թափ չի հավաքում, հետևաբար այս վիճակում դրանից ակնկալիքներ ունենալը հիմնավոր չէ:
Չորրորդ ուղին, որը հենց Ադրբեջանի կողմից կազմակերպված «պետական էկոլոգների՝ իրականում՝ սադիստների» ակցիայի պատասխանը կարող էր լինել, դա նման ակցիայի կազմակերպումն է հայ բնապահպանների ու աշխարհում մեծ թափ ունեցող կանաչների շարժման հայտնի ներկայացուցիչների հետ համատեղ և կարելի էր նույնիսկ շրջափակել Շուշի մտնող ճանապարհը: Նման քայլ չկատարվեց, որը սակայն չի նշանակում որ այն կլիներ անիմաստ:
Հինգերորդ ուղին ժողովրդի գիտակցության մեջ նման ծայրահեղ իրավիճակներում ծագող տարբերակն է՝ սեփական ուժերով ու սեփական մեթոդներով բացել ճանապարհը:
Պետք է նկատել, որ ժողովրդի համբերությունն անսպառ չէ, արդեն իսկ բավականին լուրջ պրոբլեմներ կան մարդկանց սննդով բավարարելու գործում, առողջապահական մեծ խնդիրներ կան, որոնք հնարավոր չէ լուծել Կարմիր Խաչի խողովակներով, նման պայմաններում տապալված է սովորողների կրթության, դասիարակության գործը, եղած սակավաթիվ արդյունաբերական ձեռնարկությունները ներմուծվող հումքի բացայկայության պատճառով կամ չեն աշխատում, կամ աշխատում են կիսատ պռատ:Իհարկե բարդ սոցիալհոգեբանական իրավիճակում է գտնվում ողջ ազգաբնակչությունը, որն ինչքան էլ այդ առումով փորձ է կուտակել, միևնույն է՝ թշնամու մարդասպան, հայասպան միտքը հստակ ու կրեատիվ է աշխատում՝ բոլորիս կանգնեցնելով նոր էթնիկ զտումների, ցեղասպանության ու կոտորածների փաստ առջև…
Ասվածից հետևում է, և բնության ու հասարակության մեջ գործող հիմնական օրենքները հուշում են, որ նման ծայրահեղ դեպքերում պետք է ապավինենք սեփական ուժին ու բանականությանը և բացենք կյանքի ճանապարհը…
Հ.Գ.Նկատենք նաև, որ հայկական իշխանությունը հայտնվել է գործողությունների ակտիվ դաշտից դուրս վիճակում, ու միայն զբաղված է սրան նրան մեղադրելով՝ դրանով իսկ թշնամիների ցանկը մեծացնելով: Գոնե գիտակցեն, մի հետադարձ հայացքով նայեն վերջին 30 տարիներին ու այդքան ճակատագրական սխալներից հետո կատարեն պահանջված քայլը՝ ճանաչեն Արցախի Հանրապետությունը և աշխարհին ներկայացնեն, որ ճանաչել են հերթական ցեղասպանությունը կանխելու նպատակով…