07/01/2023 17:35
Սկսվել են Թուրքիա-Հայաստան օդային բեռնափոխադրումները, ՀՀ օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը, և այս ամենը՝ մոտ մեկ ամիս շարունակվող Արցախի շրջափակման ֆոնին․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ընդգծում է՝ Թուրքիա-Հայաստան օդային բեռնափոխադրումներ են մեկնարկել, Հայաստանի օդային տարածքով էլ ազատ թռչում են ադրբեջանական ինքնաթիռները՝ այն պարագայում, երբ Արցախը մոտ մեկ ամիս է՝ շրջափակման մեջ է։
«Սկսվել են Թուրքիա-Հայաստան օդանավային բեռնափոխադրումները։ Պարզվում է, որ Հայաստանի օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը։ Եվ այս ամենը՝ շուրջ մեկ ամիս շարունակվող Արցախի շրջափակման ֆոնին։ Այս պարադոքսը չեն հասկանա ո՛չ արևմտյան, ո՛չ արևելյան, ո՛չ հյուսիսային, ո՛չ աֆրիկյան , ոչ էլ ադրբեջանա-թուրքական քաղաքակրթություններ կրողները։ Այսպիսի վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ միայն արհամարհանք և զզվանք կառաջացնի հայ ժողովրդի հանդեպ։ Այո՛, ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև հայ ժողովրդի, քանի որ արդեն երրորդ տարին է՝ հանդուրժում ենք դավաճանությունը։
Եվ ի՞նչ, այս ամենից հետո հույսեր ունեք, թե այսպես կոչված միջազգային հանրությունը մատը մատի՞ն է տալու Արցախի շրջափակումը վերացնելու համար։
Արդեն կարելի է համոզված ասել, որ Արցախի շրջափակումը համաձայնեցված է Հայաստանի բռնապետիկ-վարչապետի հետ։
Այսպիսով հայ ժողովրդի՝ արժանապատվություն ունեցող փոքր հատվածի հույսը մնում է Արցախի անկոտրում կամքի վրա»,- սոցցանցի իր էջում գրել է Ավետիք Իշխանյանը։