09/01/2023 18:18
Ինչպե՞ս հրաժարվել ամանորյա խոհանոցից և վերադառնալ առողջ սննդակարգին. Սննդաբանի խորհուրդները
Ամանորյա տոներին ոչ բոլորս ենք կարողանում հավատարիմ մնալ առողջ և ճիշտ սննդակարգին, ինչն էլ հանգեցնում է ոչ միայն ավելորդ կիլոգրամների կուտակման, այլև շատ այլ առողջական խնդիրների:
Aysor.am-ի հետ զրույցում սննդաբան Լիլիա Ասատրյանը պատմել է, թե ինչպես կարելի է տոնական օրերից հետո վերադառնալ նորմալ ռեժիմին և պահպանել կազմվածքն ու առողջությունը։
«Առաջին հերթին, սխալ է անմիջապես դիետա պահելը. պետք է սկսել վերականգնել սննդակարգը՝ սովորական նախաճաշից: Արժե նաև սնվելու վարքագծի համակարգ մշակել. եթե նախաճաշում ես արթնանալուց մեկ ժամ հետո, սա արդեն լավ քայլ է սննդակարգը վերականգնելու ուղղությամբ։ Եթե ախորժակ չունեք, ապա պետք է փորձել հասկանալ, թե որն է նվազագույն սնունդը, որը կարող եք ուտել արթնանալուց հետո, քանի որ գրագետ նախաճաշից է կախված օրվա ընթացքն ու ճիշտ մարսողությունը։ Սպիտակուցներով և բջջանյութով հարուստ առատ և առողջ նախաճաշը կօգնի արագորեն վերադառնալ սննդակարգին», - պարզաբանեց մասնագետը։
Սննդաբանի խոսքով, ակնթարթորեն նիհարելն ու խիստ սահմանափակումները անխուսափելիորեն կհանգեցնեն ճարպակալման. սթրեսից հետո մարմինը կցանկանա համալրել ճարպային պաշարները, եթե սովը կրկնվի։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հետևել սննդաբանի կողմից առաջարկվող մի շարք պարզ խորհուրդների.
Կերեք կոտորակային: Ավելի լավ է օրական հինգ անգամ փոքր չափաբաժիններով սնունդ ընդունել, քան 2-3 մեծ չափաբաժնով։ Օրգանիզմին սովորեցնելով նման սննդակարգին, արդյունքը սպասեցնել չի տա։
Բավականաչափ քնեք: Հաշվի առեք, որ մարդիկ, ովքեր բավարար չեն քնում, ուտում են մոտ 20% ավելի կալորիա, քան նրանք, ովքեր քնում են մոտ 8 ժամ: Դա պայմանավորված է օրգանիզմի հորմոնալ փոփոխություններով. հենց քունն է ազդում սովի զգացման համար պատասխանատու հորմոնների մակարդակի վրա։
Շատ ջուր խմեք: Եթե սովորություն է դարձել օրվա ընթացքում մի բաժակ ջուր խմելը, ապա ավելի քիչ սնունդ կպահանջվի օրգանիզմը հագեցնելու համար: Ըստ հետազոտությունների՝ շատ ջուր խմող մարդիկ ավելի արագ են նիհարում, քան նրանք, ովքեր քիչ են խմում:
Դանդաղ կերեք և փորձեք չշեղվել այլ զբաղմունքներով (հեռուստացույց դիտել, գիրք կարդալ և այլն), քանի որ այդ դեպքում չեք նկատում, որ ուտում եք ավելին, քան անհրաժեշտ է, լիովին չեք զգում սննդի համը և չեք վայելում այն:
Պետք է հիշել, որ ժամանակ է պահանջվում, որպեսզի օրգանիզմը սովորություն ձևավորի: Եթե Ամանորից առաջ առողջ սնունդ չէիք կիրառում, ապա մոտ երեք շաբաթ կպահանջվի, որպեսզի նոր ապրելակերպը բնական դառնա։ Մեկ-երկու օրում կատարվող փոփոխություններն անարդյունավետ են, դրանք պետք է անել փուլային կերպով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։