09/01/2023 20:50
Ծննդաբերության եղանակը պայմանավորող գործոններ. Բնական ծննդաբերությո՞ւն, թե՞ կեսարյան հատում
Հղի կանանց շրջանում տեսողական ապարատի տարբեր պաթոլոգիաները ծննդաբերության ընթաքում կարող են հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հնարավո՞ր է արդյոք վատ տեսողությամբ կամ կարճատեսությամբ պայմանավորված հրաժարվել ինքնուրույն ծննդաբերելուց: Ապագա մայրերերին հուզող այս հարցի շուրջ Aysor.am-ի հետ զրույցում ակնաբույժ Լիլիա Կիրակոսյանը տալիս է իր գնահատականները։
«Որպես կանոն, կարճատեսության առկայությունը բնական ծննդաբերության ուղղակի հակացուցումն է։ Սակայն այս ենթադրությունը միանշանակ ու կատեգորիկ չէ։ Որոշելու համար, թե վատ տեսողությամբ ծննդաբերությունը կնոջը հասանելի է, թե ոչ, անհրաժեշտ է վերլուծել նրա առողջության ընդհանուր կլինիկական պատկերը։ Այն հիմնված է հետևյալ չափանիշների վրա՝ ցանցաթաղանթի վիճակ, կնոջ ընդհանուր ֆիզիկական վիճակ, հղի կնոջ տարիք, առկա տեսողական սրություն, հղիության այլ բարդությունների առկայություն և տարբեր գործոններ, որոնք վեր են հանվում հետազոտության ընթացքում»,- ասաց ակնաբույժը։
Միայն այս բոլոր տվյալների հիման վրա բժիշկը կարող է ճիշտ եզրակացություն անել ծննդաբերության եղանակի մասին։ Փորձերի ընթացքում պատշաճ վարքագիծը և բժշկական առաջարկությունների կատարումը զգալիորեն նվազեցնում են բարդությունների ռիսկը:
Բժշկի խոսքով, կարճատեսության հիմնական բարդությունը, որը կարող է առաջանալ ծննդաբերության ժամանակ, ցանցաթաղանթի պաթոլոգիաների զարգացումն է։
«Լրացուցիչ բարդությունների ու հիվանդությունների բացակայության դեպքում կինը կարող է բնական ճանապարհով ծննդաբերել։ Եթե երեխային կրելու ընթացքում հիվանդությունը չի առաջադիմել, ապա ռիսկի գործոնը նվազում է»,- ասաց նա։
Որոշ դեպքերում ակնաբույժները խորհուրդ են տալիս կատարել էպիդուրալ անզգայացում՝ ծննդյան գործընթացի երկրորդ շրջանում: Արդյունքում կինը դադարում է զգալ այն ցավը, որն առաջանում է փորձերի պահին և գործնականում չի լարում մկանները։ Տեսողության խանգարումներով կանանց համար նախատեսված ծննդաբերության այս մեթոդը զգալիորեն կրճատել է կեսարյան հատումների թիվը։
Ակնաբույժը տալիս է իր առաջարկությունները ծննդաբերության եղանակի վերաբերյալ, սակայն վերջնական որոշումը կայացնում է միայն գինեկոլոգը՝ հիմնվելով կնոջ ընդհանուր վիճակի տվյալների վրա։
Անվերապահորեն կեսարյան հատում կարող է պահանջվել հետևյալ դեպքերում՝ բարձր կարճատեսություն, ցանցաթաղանթի դիստրոֆիկ խնդիրներ, ցանցաթաղանթի դիզինսերացիա, անցյալում ցանցաթաղանթի բուժմամբ վիրահատություն, տեսողական սրության կտրուկ և արագ առաջադեմ նվազում, ցանցաթաղանթի պատռմանը նախորդող պայմաններ, օպտիկական նյարդի այտուցվածություն։
«Կարճատեսության վերը նշված բարդությունների առկայության դեպքում բնական ծննդաբերության ժամանակ տեսողության կորստի վտանգը չափազանց մեծ է։ Խորհուրդ է տրվում բացառել տեսողական ապարատի ցանկացած բեռ: Կեսարյան հատումը հնարավորություն է տալիս խուսափել աչքերի և ցանցաթաղանթի ավելորդ սթրեսից՝ կծկումների և ծննդաբերելու փորձերի ժամանակ»,- պարզաբանեց մասնագետը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։